Home / Հայաստան / «Մեռելածին կառույցը» Գագիկ Խաչատրյանի բիզնեսները չգտավ. դրանք պատկանում են բարեկամներին

«Մեռելածին կառույցը» Գագիկ Խաչատրյանի բիզնեսները չգտավ. դրանք պատկանում են բարեկամներին

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձանժողովը եզրակացրել է, որ ՀՀ Պետեկամուտների նախագահ Գագիկ Խաչատրյանը բիզնես չունի, որևէ բիզնեսի և իր պաշտոնավարման միջև շահերի բախում չկա: Այս որոշումը մեկնաբանելով՝ «Հայկական ժամանակ» օրաթերթը հեգնանքով գրում է, որ Գագիկ Խաչատրյանը, փաստորեն, աշխատավարձով ապրող մարդ է:

Հիշեցնենք, որ, հիմնվելով օրաթերթի հարապարակման վրա, համաձայն որի Գագիկ Խաչատրյանին են դե ֆակտո պատկանում, մասնավորապես, դրամարկղային մեքենաների համար անհրաժեշտ կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» և ինտերնետային ծառայություններ տրամադրող «Յուքոմ» ընկերությունները, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) դիմել էր Հանձնաժողովին՝ խնդրելով ստուգել հրապարակման մեջ առկա փաստերը:

Հանձնաժողովին ներկայացրած վերջինիս պարզաբանումները թերթը ցնցող է որակում:

«Ըստ այդմ, «Ապեյրոն» ընկերությունը պատկանում է իր որդիներին՝ Գուրգենին և Արտյոմին: Նրանց է պատկանում նաև «Մեգամոթորս» ընկերությունը: «Մեգաֆուդ» ընկերությունը ՊԵԿ նախագահի հորեղբոր որդունն է՝ Արամ Խաչատրյանինը: Վերջինիս է պատկանում նաև «Յուքոմի» 41 տոկոս բաժնեմասը: «Մեգասպորտ» ընկերությունը նրա հորաքրոջ որդունն է՝ Արմեն Նազարյանինը: «Խրոնոգրաֆ» ընկերությունը հորեղբոր որդունն է՝ Հայկ Խաչատրյանինը: Ու այսպես ազգով, տակով Գագիկ Խաչատրյանի բարեկամները բիզնեսով են զբաղվում, բայց հանձնաժողովի համոզմամբ դա շահերի բախում չի առաջացնում: Այսինքն, իրենց բարձրաստիճան պաշտոնավոր բարեկամը ոչ մի կերպ չի օգնում այդ բիզնեսին, ոչ մի շահ դրանում չունի: Հասկանո՞ւմ եք, ըստ հանձնաժողովի, Գուրգենն ու Արտյոմը էլի կլինեին «Մեգամոթորսի» ու «Ապեյրոնի» սեփականատերերը, եթե իրենց հայրիկը չլիներ ՊԵԿ նախագահ, այլ լիներ Բասարգեչարի անասնաֆերմայի պահակը: Արամը էլի կլիներ «Յուքոմի» բաժնետեր, եթե հոպարը լիներ ոչ թե ՊԵԿ նախագահ, այլ Ամասիա գյուղի գյուղապետարանի հաշվապահի օգնականը: Հանձնաժողովը, ի դեպ, ուսումնասիրել, ոսուսմնասիրել է, ու ոչ մի կապ չի գտել հարկային տեսչությունում ՀԴՄ կտրոնների ժապավեններ ծախող «Ալեքսերվ» ընկերության և Գագիկ Խաչատրյանի միջև: Մինչդեռ այդ ընկերությունը գրանցված է նույն հասցեում, որտեղ գրանցված է նաև վերոնշյալ «Յուքոմը»: Դե չի գտել էլի, հո զոռով չի: Չկա ոչ մի կապ», – գրել է «ՀԺ»-ն:

Թերթն արձանագրում է, որ եթե կոռուպցիայի ու հովանավորչության դեմ պայքարելու նպատակով վերջերս ստեղծված Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նույնիսկ Գագիկ Խաչատրյանի դեմ ոչինչ չի հայտնաբերում, ուրեմն հերթական մեռելածին ու ջրիակեր կառույցն է: