Home / Հայաստան / Պապական տունը մնում է վեճի առարկա. կողմերը չեն հերքում կտակի կեղծումը (ՖՈՏՈ)

Պապական տունը մնում է վեճի առարկա. կողմերը չեն հերքում կտակի կեղծումը (ՖՈՏՈ)

Երեկ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել Աշոտ Խուդոյանի հայցով քաղաքացիական գործի քննությունը, որով նա պահանջում է անվավեր ճանաչել իր պապու կտակը և նվիրատվության փաստաթուղթը: Դրանք, ըստ նրա, կեղծվել են իր քրոջ կողմից, որպեսզի Խուդոյանների տունը բաժին հասնի երեք եղբայրներին, քրոջը և նրանց մորը, մինչդեռ պապիկը միայն տղաներին է տունը կտակել:

 

 

Ստորև կարող եք տեսնել վեճի առարկա՝ Խուդոյանների պապենական տունը:

Դատական նիստի ժամանակ Խուդոյանն ասել է դատարանին, որ համաձայն չի, որպեսզի իր փաստաբանի գրած հայցի հիմքով գործը քննվի, քանի որ դրանով որպես պատասխանող կանչված չեն նոտարի և կադաստրի աշխատակիցները, որոնք, ըստ Խուդոյանի, մասնակցել են կտակի կեղծմանը: Խուդոյանը պահանջել է նաև, որ դատարան բերվեն կտակի գրանցման մատյանները, որոնցում, իր համոզմամբ, պապու կտակը չկա: Քանի որ հայցի հիմքը թերի էր ձևակերպված և նշված երկու պահանջները դրանում չկային, դատավոր Մելքոնյանը հետաձգել է գործի քննությունը մեկ ամսով՝ նիստը նշանակելով հունիսի 14-ին, ժամը 16:00-ին՝ ժամանակ տալով Խուդոյանին հայցը լրացնելու համար:

Դատարան էր ներկայացել նաև Աշոտ Խուդոյանի եղբայր Ասատուր Խուդոյանը, ով ևս, ըստ կտակի, տան ժառանգ է համարվում: Նա հակընդդեմ հայց է բերել եղբոր դեմ, որով ժխտում է, որ ինքը կտակից պետք է հրաժարվի, սակայն չի առարկում, որ իրենց քույրը՝ Մարիետա Քալաշյանը, կեղծել է կտակը և նվիրատվությունը:

«Իմ քույրը կարողանում է պապու ձեռագարով և՛ գրել, և՛ ստորագրել», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Ասատուր Խուդոյանը:

Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ ինքը 3-4 տարի առաջ դատարանում  բարձրաձայնել է կեղծ նվիրատվության մասին հարցը, քույրը շտապել է կադաստր և համապատասխան թուղթ է հանել՝ ծածկելու կեղծիքը:

Այժմ Ասատուր Խուդոյանը պահանջում է տունը բաժանել իր և Աշոտի միջև, քանի որ երրորդ եղբոր որդիները պահանջ չունեն, իսկ պապը իրենց երեքին է տունը կտակել:

Աշոտ Խուդոյանը, սակայն, կարծում է, որ Ասատուրին բաժին չի հասնում, քանի որ նա 1987 թվականին դիմել է քաղսովետ՝ ասելով, թե տունը խարխուլ վիճակում է, և այդ հիմքով ստացել է երկու հողամաս, որտեղ տուն է կառուցել, ուստի պապական տան հանդեպ այլ պահանջներ չպետք է ունենա:

Հիշեցնենք, որ Աշոտ Խուդոյանը գործի քննությունից իր դժգոհությունն արտահայտել է նաև նախագահական նստավայրի մոտ նստացույցով: Խուդոյանը իր երեք մանկահասակ երեխաների և հղի կնոջ հետ նստացույց էր անցկացնում ձմռանը՝ հունվարին: Նրանք համաձայնեցին նախագահական նստավայրի աշխատակիցների հորդորդներին և դադարեցրեցին նստացույցը, երբ իրենց հարցով նաև քրեական գործ հարուցվեց, ինչը, նրանց կարծիքով, թույլ կտա բազում ապացույցներ ներկայացնել և ջրի երես բերել կեղծիքը:

Այժմ, սակայն, Աշոտ Խուդոյանը դժգոհ է նաև քննիչից: Նա ասել է, որ պատրաստ է նորից նստացույց անել և այլ «կտրուկ քայլերի դիմել»:

Միևնույն ժամանակ Ասատուր Խուդոյանը պնդում է, որ եղբոր նպատակը տունը վաճառելն ու երկրից հեռանալն է, քանի որ «Աշոտին ստեղ ոչ մեկ չի սիրում»: