Home / Հայաստան / Գործել է միայն մարզպետի գյուղի կարկտակայա՞նը. Հայկավանում սգում են (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Գործել է միայն մարզպետի գյուղի կարկտակայա՞նը. Հայկավանում սգում են (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Արմավիրի մարզի 15 գյուղերում մարդիկ հավաքվում են գյուղապետարանների մոտ, նամակներ են գրում գյուղնախարարությանը և կառավարությանը՝ ակնկալելով, որ որոշակի պետական աջակցություն կստանան՝ Արմավիրի մարզում երեկ տեղած ավերիչ կարկուտի համար փոխհատուցման տեսքով:

Անձրևով և քամիով ուղեկցվող կարկուտը տեղացել է ժամը 14.00-ից 14.20 սահմաններում և ոչնչացրել ողջ բերքը:

Epress.am-ի թղթակիցն այցելել է մարզի Հայկավան համայնք, տեղում պարզելու՝ ինչ վնաս է հասցրել կարկուտը և ինչ սպասելիքներ ունեն գյուղացիները:

Թեև մեր այցելությունը կարկուտից ուղիղ 24 ժամ հետո էր, որոշ տեղերում կարկուտի սառած գնդեր դեռ չէին հալվել:

Գյուղացիները մեզ խորհուրդ են տվել հարցեր չտալ, այլ գնալ ցանկացած տուն կամ սեփականաշնորհված տարածք և տեսնել, որ կարկուտը 100%-ով վնասել է բերքը, և այդ  տեսարանը ընդհանուր է բոլորի համար: «Աստված մեզ հավասարացրեց, ոնց-որ մահի դեպքում ենք բոլորս հավասարվել ենք: Եվ խաղողի այգիները, և պտղատու ծառերը, և բանջարանաբոստանային բույսեր այլևս չկան»,- ասել է  մեր զրուցակից Հովհաննես Հակոբյանը:

Գյուղացիներն ասել են, որ ծառերի և խաղողի այգիները դեպքում, աղետը ավելի սարսափելի հետևանք է ունեցել, քանի որ վնասել է ոչ միայն բերքը, այլև ծառերը և շիվերը, այսինքն՝  հաջորդ տարի ևս, որոշ դեպքերում՝ հաջորդ երկու տարիներին, այդ վնասված այգիները բերք չեն տա:

Մեր այցի ժամանակ Հայկավանի գյուղապետարանի մոտ հերթ էր՝ համապատասխան մատյաններում գրելու համար, թե քանի մետր հող ունեն, ինչ էին մշակում այդտեղ: Այս փաստերի հավաքումը արվում է, որպեսզի գյուղացիները փոխհատուցում ստանան:  Գյուղապետ Մամիկոն Գևորգյանը  Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ստեղծվել է արտակարգ իրավիճկների հանձնաժողով, որում ընդգրկված է 9 հոգի, այդ թվում նաև գյուղացիներ: Հանձնաժողովը պետք է որոշի փոխհատուցման տրման կարգը:  Գևորգյանի խոսքով՝ գյուղում մշակվում է 300 հա տարածք: Ինչևէ, գյուղապետարան եկած մարդիկ  ասում էին, որ քանի որ իրենց դեռ չեն այցելել, իսկ երեկ գյուղնախարար Սերգո Կարապետյանը հայտարարել է, որ Հայկավանում վնասը 15% է կազմում, իրենք ենթադրում են, որ համապատասխան  փոխհատուցում չեն ստանա:

Գյուղացիները ասել են, որ հարցի լուծման մասին վաղը  հստակ պատասխան չստանալու դեպքում գալու են Երևան՝ Կառավարության մոտ, նրանցից մի քանիսը նույնիսկ ասել են, որ մտադիր են հացադուլ անել:

Գյուղացիների կարևորագույն մտահությունը այն է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար իրենց բանկերից վարկեր են վերցրել  և հիմա չգիտեն՝ ինչպես են այդ վարկերը մարելու:

«Փորձեք պարզել հավաքվածքներից ով չունի վարկ: Չեք գտնի  նման մեկին: Մարդ կա ՝ արդեն 3 միլիոն վերցրել, դրել է հողի մեջ:  Թույները՝ թանկ, սաթիլները ՝ թանկ:  Վարկերի տոկոսադրույքները՝ բարձր: Սաթիլները տնկում են մինչև մայիսի 5-ը, ամեն ծախս արդեն արված էր:  Հիմա մենք խնդրում ենք, գոնե էդ վարկերի մայր գումարները մարելու ժամկետները հետաձգեն գոնե մեկ տարով: Հասկանում ենք՝ դրանք մասնավոր բանկեր են, բայց պետությունը ինչի համար է, որ մեզ պետք է անտեր թողնի»,- ասել է գյուղացիներից Արամ Սահակյանը:

Հայկավանի գյուղացիները մեզ տարել են լոլիկի, բադրիջանի, վարունգի, ձմերուկի ցանքատարածություններ: Առաջին հայացքից դատարկ հողատարածքները, պարզվում է,  մշակցած ցանքեր  էին ունեցել, ինչը միայն երևում էր, երբ հողից հանում էին բույսերի արմատները:

«Մեզ զայրացնում է այն, որ նախարարը իր կաբինետում նստած ասում է, որ 15%  վնաս ենք կրել, առանց գալու նայելու»,- ասել է Սահակյանը:

Գյուղացիներն ասել են նաև, որ թեև Արմավիրի մարզում կա 100 իբր գործող կակրտակայան, սակայն դրանք երեկ չեն աշխատել:

«Միայն Այգեշատ գյուղում, որը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հայրենի գյուղն է, կարկտակայանը կրակել է, ուստի մի փոքր օգնել է. այդ կողմում վնասը  քիչ է եղել: Այստեղ կայանները չեն կրակել»,- ասել է գյուղացիներից մեկը: