Home / Հայաստան / Գումար են բաժանել, հարվածել են վստահված անձին. ՀԱԿ

Գումար են բաժանել, հարվածել են վստահված անձին. ՀԱԿ

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը տարածել է ժամը 11:30-ի դրությամբ ստացված ընտրախախտումների մասին ահազանգերը:

Մասնավորապես, առավոտյան Ավանի 1/8 ընտրական տեղամասը բացելուց հետո, բացել են նաև չհրկիզվող պահարանը՝ քվեարկությունը սկսելու համար: Պարզվել է, որ պահարանից բացակայում է տեղամասային կնիքը: Այն ի դեպ, երեկ երեկոյան հանձնաժողովի անդամները տեղադրել էին չհրկիզվող պահարանում և փակել են: Կազմվում է արձանագրություն:

11/36 ընտրատեղամաս այցելած մի քանի անձ քաշքշել, հարվածել են Կոնգրեսի վստահված անձ Վարդան Հարությունյանին: Ոստիկանությունը չի միջամտել:

1/27 ընտրատեղամաս. ՀԱԿ-ի վստահված անձ Հայկ Պետրոսյանին հանձնաժողովի անդամը չի թուլատրել ստուգել ստրագրությունների մատյանում այդ պահին քվեարկող ընտրողի հասցեն: Վստահված անձը դիմել է հանձնաժողովի նախագահին՝ որպեսզի խախտման մասին գրառում կատարվի գրանցամատյանում, վերջինս հրաժարվել է: Վստահված անձի կողմից հաղորդում է բերվել ՀՔԾ՝ կատարված հանցագործության մասին:

2/23 ընտրատեղամաս. Նոր Նորքի 6-րդ զանգվածի 2/23 ընտրատեղամասում ստացված քվեարթերթիկները հաշվելու արդյունքում պարզվել է, որ քվաթերթիկները պակասում են. 1900-ի փոխարեն առկա են 1800-ը: Ընտրատեղամաս ժամանած iLur.am-ի թղթակցին հանձնաժողովի նախագահ Արմեն Բաբաջանյանը («ժառանգություն» կուսակցություն) հայտնել է, որ կազմվել է համապատասխան արձանագրություն:

3/06 ընտրատեղամաս. 08:30-ի սահմաններում դրսից մարդիկ են մտել ու զոռով քվեակել են տալիս տեղամաս մտած ընտրողներին: Հանձնաժողովի նախագահը ոստիակնության միջոցով փորձում է ճնշում գործադրել ՀԱԿ ու ՀՅԴ վստահված անձանց վրա:

Նույն ընտրատեղամասում ընտրողներից մեկը մտել է քվեախցիկ, ընտրել ու բջջային հեռախոսով լուսանկարել է քվեաթերթիկը: ԲՀԿ-ն ներկայացնող հանձնաժողովի անդամը նկատել է դա, Հայ ազգային կոնգրեսի ու Դաշնակցության հանձնաժողովի անդամները ԲՀԿ-ի ներկայացուցչի հետ միասին անվավեր են ճանաչել քվեաթերթիկը ու թույլ չեն տվել այն քվեատուփ նետել: Հանձնաժողովի նախագահը դեմ է եղել քվեաթերթիկն անվավեր ճանաչելուն, ոստիկաններն էլ հայտարարել են, թե հանձնաժողովի անդամները խանգարում են: Ի վերջո, քվեաթերթիկն անվավեր է ճանաչվել ու ընտրողին թույլ չեն տվել քվեարկել:

Նույն ընտրատեղամասում միջադեպ է գրանցվել վստահված անձնաց ու հանձնաժողովի անդամների և կուտակված մարդկանց միջև, ընդհուպ մինչև քաշքշոց:

3/19 ընտրատեղամասում՝ վիճակահանությունը անելուց և քվեաթերթիկները կնքելուց հետո, երբ հանձնաժողովի անդամները դրանք սկսել են դնել չհրկիզվող պահարանում, հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը վերցրել է բոլոր 3 կնիքները եւ դուրս եկել տեղամասից: Դա նկատել է հանձնաժողովի՝ Կոնգրեսական անդամը, և զանգահարել նախագահին: Վերջինս ասել է, թե իբր դուրս է եկել մարդ տեսնելու: Սակայն, քանի որ հանձնաժողի անդամների մոտ կասկածներ կային, որ նախագահը ապագա կեղծիքների համար է դուրս հանել երեք կնիքները, զանգահարել են թիվ 3 ԸԸՀ: Տեղամաս ժամանած ԸԸՀ անդամին՝ հանձնաժողովի անդամները ասել են, որ քանի որ կեղծիքների հետ կապված կասկածներ ունեն, ապա իրենք պահանջում են հավելյալ՝ 4-րդ ստորագրությունը դնել քվեաթերթիկների վրա, որպեսզի եթե անգամ տեղամասից կնիքներով դուրս եկած նախագահը հասցրել է օգտագործել այդ կնիքները, իրենք կարողանան տարբերել իրական քվեաթերթիկները: ԸԸՀ անդամը, սակայն, չի թույլատրել 4-րդ ստորագրությունը դնել քվեաթերթիկների վրա՝ նշելով, թե դա օրենքի խախտում է: Դա այն դեպքում, երբ իրականում որեւէ օրենքի խախտում չկա 4-րդ ստորագրությունը դնելու հարցում, նշված է ՀԱԿ-ի ամփոփագրի մեջ:

07/14 ընտրատեղամասում` 80 նախակրթարան, ՀՀԿ երկու ներկայացուցիչներ միաժամանակ գտնվում են տեղամասում և հրամաններ տալիս հանձնաժողովի անդամներին: Նախագահը հրաժարվում է արձանագրել այս խախտումը:

7/32 տեղամասում (108 դպրոց) գրանցվել է ընտրողների խմբերի փոխադրում, կուտակումներ տեղամասից դուրս, ընտրողների ուղղորդում:

8/17 տեղամասում կատարվել է զինվորական գրքույկով քվեարկություն, կազմվել է արձանագրություն:

«88 AO 888 AUDI Q7 սև գույնի մեքենայի մեջ նստում են մարդիկ, փողը վերցնում, գնում են քվեարկության: Այս պահին այն կատարվում է 16-րդ թաղամասի 23 շենքի բակում: Բաժանողը 23 շենքի 10-րդ հարկի Արմենն է: Բաժանողներից մյուսը լիֆտի աշխատող Կարոյի կինն է», – նշում է ՀԱԿ-ը: