Home / Հայաստան / ԲՀԿ մամուլի խոսնակին չի զարմացնում հանրահավաքին երեխաների ներկայությունը

ԲՀԿ մամուլի խոսնակին չի զարմացնում հանրահավաքին երեխաների ներկայությունը

Երբ մի տեղ հավաքվում է մի քանի տասնյակ հազար մարդ, այնտեղ հեշտ է գտնել մի քանի մանկահասակ երեխա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով այն փաստը, որ երեկ ԲՀԿ հանրահավաքի «բերվել» են նույնիսկ ավագ դպրոցի աշակերտներ:

«Իրականում երեկ բոլորը գիտակցեցին ԲՀԿ հզորությունը: Ինչ վերաբերում է մարդկանց փոխադրումներին, ապա ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Երևանի բնակիչները, իրավունք ունեն ազատ տեղաշարժվել իրենց համար ցանկալի միջոցներով: Ինչ վերաբերում է կոնկրետ մանկահասակ երեխաների ներկայությանը, ապա այդտեղ ինչ-որ զարմանալի բան չկա: Բնականաբար, այնտեղ, որտեղ հայտնվում է ԲՀԿ նախագահը, պիտի շատերի մոտ ցանկություն առաջանա այնտեղ հայտնվելու: Եթե ԲՀԿ-ի կողմից վարձակալվել են, ապա վարձակալվել են փոխադրամիջոցներով, և ինձ առանձնապես չի հետաքրքրում՝ ում են դրանք պատկանում: Ինձ հետաքրքրում էր այն, որ նուբարաշենցին պարտավոր չէր ոտքով գալ հանրահավաքի»,- ասել է Ուրիխանյանը:

Հարցին՝ ինչպիսի հետընտրական հավանական սցենարներ է տեսնում՝ կոալիցիոն համագործակցություն և այլն, Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է. «Բոլոր սցենարները կախված են ուժերի դասավորվածությունից, երբ այդ ուժերը կդասավորվեն, այն ժամանակ էլ պարզ կլինի»:

Ի պատասխան «Բարև Երևանի» մեղադրանքներին, թե ԲՀԿ-ն կաշառք է բաժանում, պարոն Ուրիխանյանն ասել է. «Այստեղ արդեն պահն է խոսելու, ինչի մասին չէինք ուզում խոսել: Եթե կուսակցություններ կան, որոնք կուրծք են պատռում, արմունկներ են կրծում ընտրությունների որակի համար, ուզում եմ հարց հղել ի պատասխան մեղադրանքի, ինչո՞ւ են իրենց հանձնաժողովների տեղերը Հանրապետական անդամներով լցնում: Եթե որևէ մեկը պատրաստ է հերքել սա, հրավիրում եմ հրապարակավ փաստեր դիտարկելու»: