Home / Տեսանյութեր / Գյումրիի սպանության գործով 2 մարդ է կալանավորված, նրանց մեղադրանք են առաջադրել

Գյումրիի սպանության գործով 2 մարդ է կալանավորված, նրանց մեղադրանք են առաջադրել

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել սպանության հանցափորձի, սպանության և ապօրինի կերպով զենք կրելու համար:

Հիշեցնենք, որ դեռևս ապրիլի 24-ին Ղուկասյանը Գյումրիի ոստիկանության բաժնում խոստովանել էր, որ դրանից մեկ օր առաջ ինքն է մասնակցել Շիրակացու փողոցի փոխհրաձգությանը՝ սպանելով Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանին և որպես Քավոր Հարութ հայտնի Հարություն Խաչատրյանին: Վերջին երկուսը ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մտերիմներն են եղել:

Բացի Վահե Ղուկասյանից, ով գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, ոստիկանությունը կալանավորել է նաև Հարություն Խաչատրյանի որդուն՝ 17-ամյա Գևորգ Խաչատրյանին, ով խոստովանել է, որ ինքնաձիգով ցանկացել է հետապնդել Վահե Ղուկասյանին:

Անչափահաս Խաչատրյանին մեղադրում են ապօրինի կերպով զենք պահելու մեջ:

Համաձայն ոստիկանության, նախաքննության ընթացքում հարցաքննվել են շուրջ 60 վկաներ, կատարվել են առերես հարցաքննություններ, լուսանկարով անձին ճանաչման, ինչպես նաև անձին ճանաչման  ներկայացնելու քննչական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է: