Home / Հայաստան / «Նաիրիտի» աշխատակիցներին 2 ամսվա աշխատավարձ խոստացան. նրանք դժգոհ են (թարմացված)

«Նաիրիտի» աշխատակիցներին 2 ամսվա աշխատավարձ խոստացան. նրանք դժգոհ են (թարմացված)

13:30 «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների բողոքի ակցիան շարունակվեց ՀՀ նախագահի նստավայրի մոտ: «Նաիրիտցիների» ներկայացուցիչ Գագիկ Քարտաշյանին հրավիրեցին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի մոտ, ով նույն պատասխանն է տվել, ինչ ավելի վաղը բողոքողները ստացել էին ՀՀ կառավարությունում:

Քարտաշյանի խոսքով՝ Հովսեփյանը վերահաստատել է, որ մեկ ամսվա աշխատավարձը «Նաիրիտի» աշխատակիցները կստանան վաղը, իսկ մայիսի ընթացքում՝ ևս մեկ ամսվա աշխատավարձ:

Չնայած ակցիայի մասնակիցները դժգոհ էին նման որոշումից, բայց ցույցի մասնակիցները հետզետե սկսեցին ցրվել: Նրանց խոսքով՝ աշխատավարձ ստանալու համար ամեն անգամ ստիպված են բողոքի ակցիա անցկացնել, և միայն այդ ժամանակ է Կառավարությունը հիշում «Նաիրիտի» խնդրի մասին:

12:30 ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօր առավոտվանից բողոքի ակցիա են անցկացրել «Նաիրիտ» գործարանի տասնյակ աշխատակիցներ, ովքեր պահանջում են վճարել իրենց աշխատավարձերը:

Epress.am-ի լրագրողի հետ զրույցում աշխատակիցներից մի քանիսը, ովքեր չեն ցանկացել նշել իրենց անունները, ասել են, որ աշխատավարձ չեն ստանում անցյալ տարվա ապրիլից: Նրանք նաև փորձում են հասկանալ գործարանի ճակատագիրը, պարզել՝ արդյոք այն շարունակելու է աշխատել:

Կառավարության շենք բանակցությունների համար մտել է գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը: Նա զրուցել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ: Բանակցությունների ավարտից հետո Թադևոսյանն ասել է, որ նախարարը խոստացել է, թե վաղը «Նաիրիտի» աշխատակիցներին մեկ ամսվա աշխատավարձ կվճարեն, իսկ ևս մեկ ամսվա աշխատավարձ՝ մայիսի ընթացքում:

Տվյալ հայտարարությունը դժգոհություն է առաջացրել բողոքողների շրջանում: Աշխատակիցները նշում էին, որ իրենք չեն եկել մեկ ամսվա աշխատավարձի համար:

«Մի ամսվա փողը ինչ ա, մենք դրա համար չենք եկել», – ասել է մոտ 50 տարեկան մի կին: Աշխատակիցներն ասել են, որ իրենց աշխատավարձերը ցածր են՝ 50, 60, 80 հազար, սակայն դա էլ չեն կարողանում ստանալ: Բողոքողների խոսքով՝ իրենց պահանջն է առնվազն 6 ամսվա աշխատավարձ ստանալը:

Դժգոհող աշխատակիցների մի մասը որոշել է շարժվել դեպի նախագահի նստավայր և ակցիան շարունակել այնտեղ: Նշենք, որ «նաիրիտցիները» առաջին անգամ չէ որ ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության կամ նախագահական նստավայրի մոտ: Նրանց ամեն անգամ 1 կամ 2 ամսվա աշխատավարձ են խոստանում, որից հետո դժգոհության ալիքը որոշ ժամանակով նվազում է, սակայն մի քանի ամիս անց կրկին բողոքի ակցիա է անցկացվում: