Home / Հայաստան / ԿԸՀ-ից պահանջում են վարույթ հարուցել ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի դեմ. հայցի քննությունը՝ այսօր

ԿԸՀ-ից պահանջում են վարույթ հարուցել ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի դեմ. հայցի քննությունը՝ այսօր

Ապրիլի 19-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև Երևան» դաշինքի ֆիքսած խախտումների մասին հաղորդագրությունը դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հանձնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Դաշինքը ԿԸՀ-ից պահանջել է վարույթ հարուցել ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի դեմ ու վերացնել խախտումների հետևանքները: ԿԸՀ-ում դիմումի քննարկումը տեղի կունենա այսօր, ժամը 17:00-ին:

«Բարև Երևան»-ի կողմից ներկայացված հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ ապրիլի 6-ին Շիրազի փողոցում ԲՀԿ-ն քարոզչություն է իրականացրել մինչև քարոզարշավի մեկնարկը և քարոզչապաստառներ է փակցրել չսահմանված տեղում:

«Ապրիլի 7-ից ի վեր ՏԻՄ հատկացրած տեղերում ԲՀԿ-ի կողմից փակցվում են այդ տեղերի` բոլոր կուսակցությունների կողմից հավասար մակերեսից օգտվելու իրավունքը ակնհայտորեն ոտնահարող (չափսերով մեծ) պաստառներ, որոշ տեղերում անգամ մեկից ավել», – նշված է հաղորդագրության մեջ:

Դաշինքի տեղեկությունների համաձայն, Երևանի քաղաքապետարանի ապրիլի 7-ի միջոցառումը ուղղակիորեն ծառայեցվել է Տարոն Մարգարյանի քարոզչությանը:

ԿԸՀ-ից պահանջել են նաև անդրադառնալ ապրիլի 9-ին Բաղրամյանին տեղի ունեցած միջադեպին, երբ մի խումբ ոստիկաններ ուժի կիրառմամբ խոչնդոտել են ավագանու անդամի թեկնածու Արմեն Մարտիրոսանի և «Բարև Երևան» դաշինքի մի խումբ համակիրների երթը:

«Մանկապարտեզի սաների ծնողներին ստիպողաբար տանում են Տարոն Մարգարյանի հետ հանդիպման… Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կենտրոն Կանաչապատում» ընկերության աշխատակիցը (դատելով համազգեստից) աշխատանքային օրը, աշխատանքային ժամին մասնակցել են ՀՀԿ-ի քարոզարշավին», – ապրիլի 12-ին տեղի ունեցած իրադարձություններին անդրադառնալով՝ նշում են հաղորդագրության հեղինակները:

Դաշինքի ակտիվիստ Ֆիլիպ Արզումանյանը ապրիլի 18-ին ֆիքսել է, որ Կոմիտասի պողոտայում ՀՀԿ ընտրական շտաբի վրա առկա են միանգամից 4 հատ` 6 քառակուսի մետրը գերազանցող և տպագրության մասին որևէ տեղեկություն չպարունակող քարոզչապաստառներ:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ բազմաթիվ վայրերում ՏԻՄ հատկացրած տեղերում փակցվում են ՕԵԿ կուսակցության 2 (երբեմն` անգամ 3) պաստառներ, որոնք նաև չափսերով սովորականից մեծ են, ինչն «ակնհայտորեն  ոտնահարում է այդ տեղերի` բոլոր կուսակցությունների կողմից հավասար մակերեսից օգտվելու իրավունքը»:

Լուսանկարը՝ «Բարև Երևան» դաշինքի