Home / Հայաստան / Ինչու են պաշտոնանկ արել Երևանի ոստիկանապետին. աղբյուր

Ինչու են պաշտոնանկ արել Երևանի ոստիկանապետին. աղբյուր

Երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից ազատել և կադրերի տրամադրության տակ է ուղարկել Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին:

«Հայկական ժամանակ» օրաթերթը, հղում կատարելով իր աղբյուրներին, գրում է, որ Նազարյանի պաշտոնանկությունը կարող է կապ ունենալ ապրիլի 9-ին Արաբկիրի ոստիկանության բաժնում մի քաղաքացու կողմից տրված հանցագործության մասին հաղորդման հետ, որում նշվել է բարձրաստիճան ոստիկանների կողմից ղեկավարվող ֆինանսական բուրգի մասին: Ապրիլի 13-ին «ՀԺ»-ն գրել էր, որ 2,5 միլիոն դոլար շրջանառությամբ ֆինանսական բուրգը ղեկավարողները քաղաքացիներից խաբեությամբ փողեր են կորզել և «սկել»:

Թերթը նշում է, որ առաջիկայում սպասվում է մի քանի այլ բարձրաստիճան ոստիկանների ազատում, որոնց թվում է առնվազն մեկ մարզային ոստիկանապետ:

«Բացառված չէ, որ այս պաշտոնանկություններով փորձ կարվի գործը «լղոզել» ու խուսափել այն աղմուկից, որը կբարձրանա դրա լիարժեք բացահայտման արդյունքում: Նշենք, որ Վովա Գասպարյանը վաղուց էր փորձում ազատվել Ներսիկ Նազարյանից: Դեռ անցած տարի ամռանը նա Երևանի ոստիկանապետին ուղարկեց արձակուրդ և ամեն ինչ արեց, որ վերջինս արձակուրդից այլևս չվերադառնա իր պաշտոնին: Սակայն Նազարյանին հաջողվեց Գասպարյանի «գլխավերևում» լուծել իր հարցերը և վերադառնալ: Նշենք, որ վերջին շրջանում Նազարյանի համար անհաջող ժամանակներ են: Ըստ որոշ լուրերի՝ նրա կամ ինչպես ինքն է ասում՝ իր ընտանիքի անդամների բիզնեսը այնքան էլ հաջող չի ընթանում: Խոսակցություններ կան իրենց 6 միլիոն դոլար վարկը մարելու հարցում առաջացած դժվարությունների մասին: Բացի դա, Նազարյանի ընտանիքի՝ Չինաստանում սկսած ինչ-որ բիզնես անհաջողությունների է մատնվել: Բայց Նազարյանի «բիզնես-ունակությունները» մեծ են, որոնք պայմանավորված են հայ օլիգարխիայի հետ ունեցած նրա չափազանց սերտ կապերով: Նա ոստիկանապետ էր այնքանով, որքանով դա օգնում էր իրեն պահպանել և զարգացնել իր կապերը: Հիմա հետաքրքիր է, թե առանց իր ունեցած պաշտոնի, որքանով այդ կապերը կամրանան կամ կթուլանան», – գրում է թերթը:

Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երևանի ոստիկանապետ է նշանակվել Աշոտ Կարապետյանը, որը մինչ այդ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (ՔՀԳՎ) պետն էր: ՔՀԳՎ պետ է նշանակվել Գագիկ Ավետիսյանը, որը մինչ այդ գլխավորում էր Արմավիրի մարզային ոստիկանությունը: