Home / Հայաստան / Հայագետը պատմել է՝ ինչու են իրեն արգելում գալ Հայաստան. «Ժառանգությունը» գնում է օդանավակայան

Հայագետը պատմել է՝ ինչու են իրեն արգելում գալ Հայաստան. «Ժառանգությունը» գնում է օդանավակայան

ՍԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները գնալու են օդանավակայան՝ պահանջելու ֆրանսահայ ազգաբան, հայագետ Ալեքսանդր Վարպետյանի մուտքը Հայաստան: Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանը կմիանա մեզ, նաև Ժիրայր Սեֆիլյանը, կոչ եմ անում Դաշնակցությանը: Միացյալ մարմին ստեղծեք ու հենց հիմա գնացեք օդանավակայան», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ալեքսանդր Վարպետյանին ԱԱԾ աշխատակիցները երեկ չեն թողել մտնել Հայաստան, և նա այսօր գիշերել է «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ պետք է մնա մինչև ապրիլի 7-ը ՝ կիրակի երեկո:

Epress.am-ի հետ հեռախոսազրույցում Վարպետյանն ասել է, որ կիրակի թռնելու է Թուրքիա, ապա վերադառնալու է Ֆրանսիա:

Հայագետը պատմել է, որ օդանավակայան վայրէջ կատարելուց հետո՝ ԱԱԾ աշխատակիցները իրեն մեկուսացրել են և ասել, որ չի կարող Հայաստան մտնել նույն պատճառով, ինչով իր մուտքը Հայաստան արգելել են 11 տարի առաջ:  «Նախորդ պատճառն այն է, որ ես հանդիսանում են սպառնալիք Հայաստանի անվտանգության համար»,- պարզաբանել է Վարպետյանը:

Նա ասել է, որ ինքը խնդրի մասին ահազանել է բազմիցս. դիմել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, Ֆրանսիայի և ԵՄ-ի ԱԳՆ-ներին: Ըստ Վարպետյանի՝ դիմումները ուղարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, իսկ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը պատասխանել է՝ հղում անելով Վիզաների և անձնագրերի վարչության պատճառաբանությունը, այն է՝ Վարպետյանի մուտքը Հայաստան արգելված է 2002 թվականից:

Ըստ հայագետի՝ այս հիմնավորումը, որը, ըստ էության, սուտ ու կեղծիք է, հիմա փորձ է արվում չհիշատակել:

Ալեքսանդր Վարպետյանն ասել է, որ, ի տարբերությունը նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի, Կարեն Անդեասյանը հավելյալ հարցումներ չի արել ԱԱԾ ՝ իմանալու և ներկայացնելու հիմնավոր պատճառը, և բավարարվել է վարչության պատասխանով:

Իրավապահներին երեկ Վարպետյանը առաջարկել է տեղում հարցաքննել իրեն, սակայն նրանք ծիծաղել են այդ առաջարկի վրա:

Մեր այն հարցին, թե ինչու է Վարպետյանը որոշել Հայաստան գալ՝ իմանալով, որ իրեն արտաքսել են դեռ 2002 թվականին՝ հայագետը պատասխանել է՝ ներկայացնելով գալու նախապատմությունը:

Հայապահպան նախաձեռնությունների համակարգման խորհուրդը (ՀՆՀԽ ) Վարպետյանի 70-ամյակի միջոցառում է որոշել կազմակերպել Հայաստանում և դրա համար ստորագրահավաք է իրականացրել: Իմանալով իրավիճակը՝ Վարպետյանը նախաձեռնողներին հորդորել է նախ դիմել նախագահ Սերժ Սարգսյանին: Դիմումը նախագահը ուղղել է Մշակույթի նախարարություն, որը պաշտոնական պատասխանում հավաստել է, որ չի առարկում, որպեսզի միջոցառումը տեղի ունենա Հայաստանում, ավելին՝ ներքին խոսակցություններում ասել են, որ պետական աջակցությունը կցուցաբերեն միջոցառման կազմակերպմանը:

Վարպետյանն ասել է, որ նման պաշտոնական պատասխան ունենալով՝ չէր կարող մտածել, որ իրեն չեն թողնի մտնել  Հայաստան՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այս տարվա հունվարի 10-ից Եվրոպայի քաղաքացիների համար Հայաստան մտնելու վիզա  հարկավոր չէ:

Մեզ հետ զրույցում Վարպետյանը համոզմունք է հայտնել, որ իր նկատմամբ հետապնդումների պատճառը իր հրապարակումն է եղել Հոկտեբերի 27-ի մասին: Վարպետյանը գրել է Մեղրիի պայմանագրի մասին, որով նախատեսվում էր Ղարաբաղը միացնել ՀՀ-ին, իսկ Մեղրին տալ Ադրբեջանին: Վարպետյանի հրապարակման համաձայն՝ պայմանագրին Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը դեմ են եղել, և դա է եղել նրանց սպանելու պատճառը: Քանի որ պայմանագիրը Մինսկի Խմբին չէր կարող պարտադրված լինել Ռոբերտ Քոչարյանի կողմից, Վարպետյանը եզրակացրել է, որ հոկտեմբերի 27-ը դրսի ուժեր են կազմակերպել: Վարպետյանն ասել է, որ ինքը չի միայն խոսել Մեղրիի պայմանագրից: Դրան անդրադարձել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 2007 թվականին  վերադառնալով քաղաքականություն:

Վարպետյանի խոսքով՝ ինքը և Կարեն Դեմիրճյանը հայագիտության ոլորտում շատ անելու ծրագրեր են ունեցել, և վերջինս հետաքրքրված է եղել հայերի ծագումնաբանության մասին հետազոտություններ անելու Վարպետյանի ծրագրով: Հայագետը պատմել է իր հայագիտական աշխատություններից և հավելել. «Ինչպե՞ս կարող է հայը ինձ Հայաստան չթողնել: Միանշանակ ուրիշների ձեռքը խառն է»: