Home / Հայաստան / Ո՞ւմն են «Արմավիայի» և «Հայկական ավիաուղիների» չվերթները. օդաչուները սպասում են աճուրդին

Ո՞ւմն են «Արմավիայի» և «Հայկական ավիաուղիների» չվերթները. օդաչուները սպասում են աճուրդին

Շուրջ 1,5 տարի ամեն ուրբաթ ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիաներ անցկացնող հաշմանդամ օդաչուներն այսօր կրկին նախագահական նստավայրի մոտ էին հավաքվել պահանջով՝ վերականգնել իրենց սահմանադրական իրավունքները: Epress.am-ի հետ զրույցում նրանք նշել են, որ Բաղրամյան 26 են սկսել գալ այն բանից հետո, երբ վերջնականապես համոզվել են, որ կառավարությունն իրենց ոչինչ չունի ասելու:

Հաշմանդամ օդաչուները բողոքում են, որ աշխատանքի ընթացքում ստացած վնասվածքների համար որևէ փոխհատուցում չեն ստացել:

«Կառավարությունը մեզ ոչ ընդունեց, ոչ խոսեց, առավել ևս՝ ոչինչ չխոստացավ:Մեր գործադիր մարմնի ղեկավարը՝ Տիգրան Սարգսյանը, ջայլամի քաղաքականություն վարեց, իսկ նախագահականում գոնե հույսեր են տալիս», – նշել է ակցիայի մասնակից «Հաշմանդամ օդաչուներ» հ/կ-ի նախագահ Դավիթ Դավթյանը:

Նրա խոսքով՝ իրենց միակ հույսը ապրիլի 16-ին կայանալիք աճուրդն է, որի ընթացքում վաճառքի են հանվելու «Հայկական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող հողերը, ինչի արդյունքում ստացված գումարներն էլ բաժանվելու են իրենց:

««Հայկական ավիաուղիները» Սևանա լճի ափին 26,7 հա հողատարածք ուներ և դրանք օրինական պատկանում էին այս ընկերությանը: Սնանկություն գործընթացը որ սկսվեց, 2008 թվականի հունվարի այս հողերից 18 հա վաճառեցին ու մեզ գումար տվեցին, ինչպես նաև վերոնշյալ ընկերության մոտ 400 օդաչուներին: Խոսքս մնացած հողատարածքի մասին է, որն էլ աճուրդի է դրվելու ապրիլի 16-ին», – նշել է Դավթյանը:

Ակցիայի մասնակիցները պնդել են, որ չգիտեն՝ ինչո՞վ է  ավարտվելու աճուրդը:

««Հայկական ավիաուղիները» սնանկ դարձան այն պատճառով, որ 2003 թվականի մարտի 27-ին 331 ա որոշմամբ պետությունը 5 միլիոն դոլարով այս ընկերության բոլոր չվերթները վերցրեց ու տվեց «Արմավիային»: 10 տարի է՝ դատարաններում ենք ու ասում ենք, որ մեր տերը պետությունն է, ասում են՝ չէ: Ասում ենք՝ բա չվերթներն ո՞ւմն են, ո՞վ վերցրեց, ինչի՞ 1 տարի հետո դարձան սնանկ: Հիմա էլ բոլորը գրում ու  ասում են՝ «Արմավիան» ոչինչ չունի, չվերթներն էլ իրենը չեն: Այսինքն՝ այն, ինչ դատարանները  հերքում են մինչ օրս, կառավարությունն ասում է՝ իրենն է, մենք էլ ասում ենք, որ մենք էլ քոնն ենք, չէ՞ որ չվերթների հետ է մեր բախտը կապված. չվերթը փող արժե: Դուք 5 միլիոն տվեցիք, իսկ այսօր դուք ուզում եք 300 միլոիոն դոլարով ծախել չվերթները: Էս ի՞նչ կատարվեց, ասեք հասկանանք»,- եզրափակել է Դավթյանը: