Home / Հայաստան / «Չես ճանաչո՞ւմ ինձ… Րաֆֆիի գլուխը կջարդեմ…». հարցազրույց Սյունիքի մարզպետի հետ

«Չես ճանաչո՞ւմ ինձ… Րաֆֆիի գլուխը կջարդեմ…». հարցազրույց Սյունիքի մարզպետի հետ

«Հայկական ժամանակ» օրաթերթը տպագրել է լրագրող Սեդա Մավյանի հարցազրույցը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ:

Ինչպես նշում է «ՀԺ»-ն, հարցազրույցում Սուրեն Խաչատրյանը «մահացու» բացահայտումներ է անում Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքի անդամների, մասնավորապես հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի վերաբերյալ։

«Պարզվում է, որ Լիսկան Ր.Հովհաննիսյանից ներողություն է սպասում։ Սյունիքի մարզպետը չի տատանվում ակնհայտ ստեր ասելիս, պարզաբանում է, թե երբ հրաժարական կտար, սեփական կենսագրության երանելի ժամանակներն է հիշում, իսկ որ ամենակարևորն է՝ մատնում է Ր. Հովհաննիսյանի հետ կապված իր մտքում եղած թաքուն ցանկությունները։ Սեդա Մավյանը հերթական սկանդալային այս հարցազրույցը տրամադրել է «Հժ»–ին տպագրելու համար, ինչը մենք հաճույքով անում ենք», – գրում է թերթը։

Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Սեդա Մավյան – Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է ձեր հրաժարականը, ինչպեպե՞ս եք այդ լուրը ընդունում։

Սուրեն Խաչատրյան – Սովորական։ Մարդ է, ինքը այդպես է ցանկանում, բայց առաջին հերթին մարդ պետք է լիազորված լինի իրա ասածների համար։ Երկրորդն էլ՝ հիմա ինքը այսօր ոչ միայն ինձնից է հրաժարական պահանջում, պահանջում է Օբամայի հրաժարականը, պահանջում է Վլադիմիր Պուտինի հրաժարականը, Սերժ Սարգսյանի հրաժարականն էլ է պահանջում։

Ս.Մ. – Կներեք, բայց լավ չհասկացաք, դա չի ասում։ Ասում է, որ Օբամայի և մյուս օտար պետությունների ղեկավարների ճանաչումը իրեն չի հետաքրքրում այնքան ժամանակ, որ հայ ժողովուրդը չի ընդունում ընտրությունների արդյունքները։

Ս.Խ. – Ամեն ինչ ունի իրա պատկերը։ Եվ այսօր պատկերը ներկայացված է։ ՀՀ նախագահը վերընտրված է և արդեն աշխատում է, իսկ ինքը (Ր. Հ.–ը) ընդամենը երկրորդ հարթակն է զբաղեցրել և պետք է բարի լինի, իր պարտության հետ համակերպվի։ Ուրիշ բան է, որ նա չի ուզում իր ընտրազանգվածը կորցնի։ Բայց նաև ընտրազանգվածը չկորցնելով հանդերձ չպետք է… Սահմանադրական խախտումներով… ասենք թե… այս խնդիրները լուծել։ Պատկերացրեք, որ ունենք Սահմանադրություն, ինքը Սահմանադրության համաձայն պետք է իրազեկեր, երբ որ գալիս էր մարզ կամ գնում էր համայնքներ, պետք էր իրազեկել։ Եվ էդ ոչ մի բանը չի անում։ Եթե մարդը խոսում է Սահմանադրությունից, աոաջին հերթին, ինքը պետք է Սահմանադրության տառը պահի, հետո նոր Սահմանադրությունից խոսի (…):

Ս.Մ. – Ինչո՞ւ, Սահմանադրության մեջ գրված է, որ ինքը պետք է իրազեկի՞։

Ս.Խ. – Սահմանադրության մեջ հստակ գրված է՝ ինքը պետք է իրազեկի համայնքի պետերին, մարզպետին։

(1) Բնականաբար, այսպիսի կետ չի նշված Սահմանադրության մեջ, ընդհակառակը, Սահմանադրությունը նախատեսում է. «Հայաստանի հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունք» (հոդված 25) և որ «Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք» (հոդված 29)։

Ս.Մ. – Իսկապե՞ս այդպես է գրված Սահմանադրության մեջ։

Ս.Խ. – Սահմանադրության մեջ… Իր հանդիպումներից 7 օր առաջ, Սահմանադրությամբ, պետք է իրազեկեր… և գար… արդեն խնդիր չէր ունենա։ Բայց առանց իրազեկելու, առանց Սահմանադրության տառը պահելու, եկել է, առավոտ սկսել է Ագարակից և մարդկանց վարկաբեկելով գնում է։

Ս.Մ. – Ո՞ւր է վարկաբեկում այստեղ։

Ս.Խ. – Ուրեմն, տեսեք, հիմա, քիչ առաջ ինքը խոսում էր մականունով։ Դեռ իրեն որևէ մեկը թույլ չի տվել մարդկանց հետ մականունով խոսել։ Եվ ես իրենից պահանջում եմ, որ ներողություն խնդրի մականունով խոսելու համար։ Ես, երբ որ առիթ է եղել, իր հետ խոսելու, դիմել եմ «պարոն Հովհաննիսյանով»։Հիմա էլ դիմում եմ պարոն Հովհաննիսյանին, հիմա ես խնդրում եմ, որպեսզի իրեն տեղեկացնեք, որ մականունով խոսելու համար պետք է ներողություն խնդրի։

Ս.Մ. – Բայց, ի տարբերություն ձեզ, պարոն Հովհաննիսյանը մականուն չունի։ Արտասանելով այդ մականունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պարզապես կրկնում է այն անունը, որ ժողովուրդը ձեզ է տալիս։ Պարոն Խաչատրյան, դուք տեղյա՞կ եք, որ ունեք սարսափելի համբավ և որ բոլորն էլ վախենում են ձեզանից:

Ս.Խ. – Վիրավորում եք սյունեցիներին: Հիմա ես ձեզ ուղղակիորեն ասում եմ՝ դուք վիրավորում եք հերոսական սյունեցուն։ Սյունեցին բոլոր ժամանակների հայապաշտպան ժողովուրդն ա, Սյունեցին այս պատերազմում ունեցել է շատ մեծ հաջողություններ, ուրեմն, ուզում եմ, որ դուք միանգամայն մտածեք և իմանաք, որ Սյունեցին վախեցող ժողովուրդ չէ և ոչ մեկից, Սյունեցին ընդամենը ցանկացած Հայի համար հպարտություն է։ Ամեն հայ մարդ պետք է Սյունիքով և սյունեցիներով հպարտանա։ Ինչի՞ մասին եք խոսում։ Դա մեծ վիրավորանք է Սյունեցուն, հավատացեք։ Ես ուղղակի, որպես հայ մարդ, հայ գեղեցկատես աղջիկ, ես կխնդրեի ձեզ, որ նման վարկաբեկում չունենայիք Սյունեցու նկատմամբ։ Սյունեցին վախենալու խնդիր չունի (…):

Ս.Մ. – Ի՞նչ պետք է լինի, որ հրաժարական տաք։

Ս.Խ. – Ուրեմն, նայած ինձանից ով է հրաժարական պահանջում։ Ինձ նշանակում է Հանրապետության նախագահը և ազատում է Հանրապետության նախագահը (…):

Ս.Մ. – Ես խոսում էի ձեր խղճի մասին, ի՞նչը կդրդի ձեզ, որպեսզի ձեր հրաժարականը տաք։

Ս.Խ. – Երբ որ ես ի վիճակի չլինեի 65.5 տոկոս ընտրություններ ապահովելու, անցած Ազգային ժողովում 62 տոկոս ապահովելու, ես ինքս հրաժարական կտայի, որովհետև ի վերջո, գյուղացին ընտրում է գյուղապետի դեմքով։ Երբ որ գյուղապետը նորմալ գյուղապետ է, հոգատար է գյուղացու նկատմամբ, գյուղացին իր գյուղապետին հարգելով ընտրում է։ Երբ որ քաղաքապետը նորմալ քաղաքապետ է, քաղաքապետի դեմքով ընտրում է։ Երբ որ մարզպետը նորմալ մարզպետ է, հոգատար է գյուղացու և քաղաքացու համար, էդ մարզպետի դեմքով ընտրում է։ Եվ արդյունքները ցույց են տալիս, որ և գյուղապետը, և քաղաքապետը, և մարզպետը համախմբված մի նպատակ ունեն՝ էս երկրում բարելավել սոցիալական իրավիճակը, և դա էլ մարզի մեծամասնությունը տեսնում է և գնահատում է։ Եվ ընտրությունների արդյունքները հենց ցույց են տալիս, որ դա այդպես է։ Իսկ երբ որ ընտրությունների արդյունքները կլիներ 50 տոկոսից պակաս ընդհանուր մարզի տարածքում, ես ինքս կհասկանայի, որ աոաջին խնդիրը ես եմ, որ ժողովուրդը չի ընտրում, հետո՝ քաղաքապետը, հետո՝ գյուղապետը և ինքս հրաժարական կտայի (…):

(2) Սա ոչինչ է, քան խոստովանություն, որ մարզպետի և գյուղապետի պաշտոնները քաղաքականացված են, դժվար է գտնել։

(…) Բայց ասեմ ձեզ, որ իմանաք։ Ուրեմն, Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքից և ոչ մեկը, երբ որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի հետ միասին ծանր իրավիճակում էր, ոչ մի մասնակցություն չունեցան այդ սահմանների պաշտպանության գործում։ Բայց ես 1988 թվականին ապրում էի ավելի շքեղ պայմաններում Հայաստանից դուրս՝ Ուկրաինայի Հանրապետությունում, շատ ավելի շքեղ պայմաններում։ Ես 1988-ին թողեցի էդ իմ շքեղ ապրելակերպը, և 1.5 միլիոն դրամ դրեցի, զենք և զինամթերք գնեցի, բերեցի և ինքս էլ գնացի սահման մինչև 1994-ի զինադադարի պայմանագրի ստորագրումը։ Ուրեմն, էդ ժողովրդի աչքի առաջ էր, էդ Սյունեցու աչքի առաջ էր և Սյունեցին այդ ամեն ինչը տեսավ։ Դրանից հետո խաղաղ պայմաններում… Սյունեցին մի շատ պարզ ճշմարտություն գիտի, որ չկա Սյունիքում անպատժելիություն, ոչ մեկը իրավունք չունի իրեն ժողովրդից բարձր դասել, ոչ մեկը իրավունք չունի ուրիշի ունեցվածքին փորձի աչք գցել, ոչ մեկը իրավունք չունի հենց ընենց մեկին վիրավորի, կոպտի։ Սյունեցիները այդ ամեն ինչը լավ գիտեն (…): Հիմա կարող եմ բացեմ, դուք կարդաք և տեսնեք Րաֆֆի Հովհաննիսյանի հոր և այդ խմբի հակահայկական քարոզչությունը։ Միգուցե՝ նաև տեղյակ եք։

Ս.Մ. – Այսինքն, ինչի՞ մասին է խոսքը։

Ս.Խ. – Հենց հիմա, երկու րոպե եթե ժամանակ ունեք, ես ձեզ ցույց կտամ, և կհամոզվեք՝ ինչի մասին եմ ուզում խոսել։ Այն, որ մենք, իբրև թե գաղթված ենք եկել Հայաստան, իբրև թե որոշ Հայաստանի տարածքներ հայկական չեն, թուրքական են, այն որ իսկապես ձեր ասած ցեղասպանությունը ճիշտ է, թե սխալ է, երկու րոպեից ես ձեզ ցույց կտամ, դուք ինքներդ կտեսնեք և կհամոզվեք՝ ում հետ գործ ունեք։

(3) Սուրեն Խաչատրյանը խնդրում է, որ բերեն մի տեսահոլովակ, դա տեղավորում է համակարգչի մեջ՝ իր աթոռը ինձ զիջելով, որպեսզի դա դիտեմ։ Դա youtube-ից վերցրած նյութ է՝ ոմն Արթուր Առուստամյանից՝ նվիրված՝ այսպես կոչված «հայոց պատմության կեղծարարներին», որոնց մեջ է նաև Ռիչարդ Հովհաննիսյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը, Կալիֆոռնիայի UCLA-ի համալսարանի Հայոց ժամանակակից պատմության ամբիոնի վարիչը։ Այս նյութում նա մասնավորապես մեղադրվում է օգտագործելու համար «Արևելյան Անադոլու թուրք տերմինը, փոխանակ Հայկական լեռնաշխարհ տերմինի» և իր վերջին գրքի համար, որ կոչվում է «Հայոց ժողովուրդը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը», մի գիրք, որ youtube-ի նյութի հեղինակը նկարագրում է «հակագիտական և հակահայկական»։ Դիտելուց հետո այս հոլովակը, զրույցը շարունակեցի, որ հարկ համարեմ Սուրեն Խաչատրյանին բացատրել Ռ.Հովհաննիսյանի անժխտելի գիտական ներդրումը Հայոց պատմության ուսումնասիրության և ճանաչման մեջ։ Ռիչարդ Հովհաննիսյանը Հայաստանի 1-ին Հանրապետության պատմության մասնագետն է՝ շնորհիվ իր 4 հատորանոց «The Republic of Armenia 1918-20» աշխատության՝ (հրատարակված ԱՄՆ-ում 1971, 1982 և 1996 թթ)։ Նաև երկու հռչակավոր գրքեր է գրել՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը։ Իսկ «The Armenian Nation people from ancient ti modern time», հրատարակվեցավ 2 հատորով՝ 1997-ին։

Ս.Մ. – Պարոն մարզպետ, ձեր բախտը չբերեց, քանի որ պատմաբան եմ։

Ս.Խ. – Ես էլ եմ պատմաբան։

Ս.Մ. – Լսել եմ, որ դոկտոր դարձաք։

Ս.Խ. – Չէ, դեռ չեմ դարձել, կդառնամ (ծիծաղում է)։

Ս.Մ. – ժամանակ ունե՞ք թե պատմություն ուսումնասիրել, թե իբրև մարզպետ աշխատել։

Ս.Խ. – ժամանակը հերիքում է, էլի։ Գիշերը աշխատում եմ:

Ս.Մ. – Ձեր ուսումնասիրած նյութը ի՞նչ է:

Ս.Խ. – Նյութս Սյունիքի պատմությունն է 1918-21 թթ.:

Ս.Մ. – Այսինքն, դեռ չեք պաշտպանե՞լ։

Ս.Խ. – Պաշտպանել եմ։

Ս.Մ. – Ուրեմն, դոկտո՞ր եք արդեն։

Ս.Խ. – Թեկնածու։

Ս.Մ. – Կարելի՞ է կարդալ ձեր դիսերտացիան։

Ս.Խ. – Ես քեզ կտամ, կկարդաս։

(4) Դիսերտացիան գոյություն չունի, քանի որ Սուրեն Խաչատրյանը գիտությունների թեկնածու չէ։ Նա հայցորդ է եղել 2009-ին Մանկավարժական ինստիտուտի պատմության ամբիոնում հետևյալ նյութով՝ «Սյունիքի անկախության հռչակման գործընթացը 1918–21թթ.», բայց 2 տարի անց, երբ իր նյութը պիտի ներկայացներ Գիտությունների ազգային ակադեմիայի առջև՝ պաշտպանության համար, նա իր գործը հետ վերցրեց։

Ս.Մ. – Գալով youtube–ի նյութին, ասեմ, որ դա գիտական նյութ չէ, այլ զուտ պամֆլետային։

Ս.Խ. – Ես դրա մասնագետը չեմ։ Ես էլ քեզ պես նայել եմ երեկ իրիկունը։ Նյութը թե իրականությո՞ւն  է, թե՞ կեղծարարություն է՝ չեմ կարող ոչինչ ասել։

Ս.Մ. – Բայց դուք հաստատեցիք քիչ առաջ…

Ս.Խ. – Ասեցի՝ ես ցույց տամ։ Ոչ թե փաստեմ, այլ ցույց տամ, դուք տեսեք։

Ս.Մ. – Բայց տեսնում եմ, որ հակված եք մտածելու, որ ճիշտ եմ։

Ս.Խ. – Ոչ էլ հակված եմ մտածելու, որ ճիշտ չէ։ Նաև 100 տոկոսով չեմ կարող ասել, որ ճիշտ է։ Եթե ես 100 տոկոսով իմանամ, որ ճիշտ է, հենց ժողովրդի մոտ Րաֆֆիի գլուխը կջարդեմ։ Հասկացա՞ր, ինչ եմ ասում, Սեդա (ծիծաղ): Ո՞նց, չես ճանաչո՞ւմ ինձ, Հայաստանի աչքի առաջ գլուխը կջարդեմ օձի գլխի պես։

(5) Հարց. Իսկ եթե Ռիչարդ Հովհաննիսյանը Արթուր Առուստամյանի ասածով կեղծ գիտնական լիներ, արդյո՞ք դա պիտի նշանակեր, որ իր որդու՝ Րաֆֆու գլուխը պիտի ջարդվեր։ Դատողությունը՝ ձեզ։