Home / Հայաստան / «Իրենց թույնով ու նախանձով էլ թող տապակվեն». Հայրիկյանն անդրադարձել է քննադատներին

«Իրենց թույնով ու նախանձով էլ թող տապակվեն». Հայրիկյանն անդրադարձել է քննադատներին

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ում ՀՀ կառավարության որոշմամբ երեկ 20,5 միլիոն դրամ է տրամադրվել Հոլանդիայում բուժումը շարունակելու համար, Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է մամուլում և սոցցանցերում իր հասցեին հնչող քննադատություններին:

Նշենք, որ որոշումը կայացնելուց հետո մի շարք Facebook-ի օգտատերեր և ԶԼՄ-ներ իրենց դժգոհությունն էին արտահայտել նման գումար Հայրիկյանին տրամադրելու կապակցությամբ՝ նշելով, որ, օրինակ, մարտի 1-ին զոհված 10 անձանց ընտանիքները փոխհատուցում այդպես էլ չեն ստացել:

«Իմացա, որ որոշ խղճուկներ խիստ հուզվել են՝ իմանալով, որ իմ առողջանալու գործին նաև մեր առողջապահական համակարգն է մասնակցելու:

Ուշադրություն մի դարձրեք. անորակություններ եղել են ու կմնան։ Երբ երկու ամիս տառապագին ցավերի մէջ էի, դրանք չկային, ինչպես և չկային դրանց ծնողները, երբ իմ ծնողները երկու տասնամյակ իմ վերադարձին էին սպասում։ Հիմա երբ լսել են, որ պետությունն իմ հանդեպ էլ է անում այն, ինչ պարտավոր է անել ցանկացած պետություն, կատաղել են։ Իրենք իրենց թույնով ու նախանձով էլ թող տապակվեն», – ի պատասխան գրել է Պարույր Հայրիկյանը:

Նա նաև նշել է, որ հրաժեշտ է տվել Կարմիր Խաչի բուժաշխատողներին և երեկ վաղ առավոտյան մեկնել է Եվրոպա։

«Վախենում էի երկար ճանապարհի դժվարություններից, բայց հաղթահարվեց։ Օգնեց այն, որ կանգառ կար Կիևում։ Կեսօր չեղած արդեն Ամստերդամում էի։ Մերոնք դիմավորեցին և արդէն հասցրինք առաջին նախնակալ այցն անել բժշկին։ Առաջին խոսքն այն էր, որ այդպիսի կրակոցից հետո հրաշք է ողջ լինելս: Հոլանդիայում եմ, բայց ամեն ինչ կախված է ապաքինման ու վերականգման ընթացքից: Ամենայն բարիք բոլորիս…», – նշել է ԱԻՄ առաջնորդը:

Հիշեցնենք, որ Հայրիկյանը հրազենային վնասվածք էր ստացել հունվարի 31-ին իրականացված մահափորձի հետևանքով: Մահափորձը պատվիրելու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը: