Home / Հայաստան / Թուրքական դատարանը հայ զինվորի սպանությունը պատահականություն է համարել

Թուրքական դատարանը հայ զինվորի սպանությունը պատահականություն է համարել

2011 թվականի ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանված հայազգի Սևակ Շահին Բալիքչիի մահը պատահականության հետևանք է եղել: Այսպիսի որոշում է երեկ կայացրել թուրքական դատարանը՝ Բալիքչիի վրա կրակած Քիվանչ Աղաօղլուին դատապարելով 4 տարվա և 5 ամվսա ազատազրկման: Քանի որ Աղաօղլուն ձերբակալված է 2011 թվականից, նա անազատության մեջ կանցկացնի ևս 3 տարի: Նշենք, որ ռազմական դատախազը Աղաօղլուի համար 2,5 տարի էր պահանջել: Մեղադրյալը դատական նիստերի ընթացքում պնդել է, որ կատակ է արել՝ զենքը պահելով Սևակի վրա, իսկ կրակոցը պատահական է ստացվել:

Բալիքչիի ընտանիքի անդամները և փաստաբանները համարում են, որ կրակոցը պատահականություն չէր կարող լինել՝ հատկապես հաշվի առնելով, որ սպանությունը տեղի է ունեցել ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության տարելիցի օրը:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում երիտասարդի նշանած Մելանի Քումրույանը հայտարարել էր. «Ես ցանկանում եմ, որպեսզի ճշմարտությունը հնարավորինս շուտ բացահայտվի: Չեմ կարծում, որ այդ ամենը պատահել է կատակի արդյունքում: Ես Սևակին շատ լավ գիտեմ: Նա հրացանի հետ խաղ չէր անի»:

Քումրույանը և Բալիկչին ապրում էին Ստամբուլի Քուրթուլուշ արվարձանում: Երիտասարդները 2009 թվականին նշանվել են: Քումրույանը նշել է, որ Սևակն իրեն ամեն օր հաղորդագրություններ էր ուղարկում: Հաղորդագրություններից մեկի մասին Քումրույանը պատմել է Radikal daily-ին, որը Սևակն ուղարկել էր ապրիլի 24-ի առավոտյան: Հաղորդագրության մեջ ասված էր. «Բարի լույս իմ հրեշտակ: Դու երբեք ինձ միայնակ չես թողել: Քո մաքուր սիրտն ինձ համար ամեն ինչից թանկ է: Ես երջանկություն և սեր եմ գտել քո մեջ: Ես երբեք և ոչ մեկին կյանքում այդքան չեմ սիրել, որքան քեզ»:

«Նրանք ասում են, որ դեպքը պատահել է առավոտյան ժամը 8-ին: Ես արթնացել եմ ժամը 9-ին: Նա ինձ հիասքանչ սիրային հաղորդագրություն էր ուղարկել ինչպես միշտ: Ես չեմ կարող նկարագրել այս ցավի չափերը: Ընդամենը 3 շաբաթ էր մնացել, որպեսզի նա տուն վերադառնար»,- ասել էր Քումրույանը:

The Sabah daily-ի հետ զրույցում Քումրույանն ասել էր. «Ես չեմ հավատում, որ դա պատահականություն էր: Ավագ սերժանտը ծեծել էր նրան 50 լիրա պարտքի համար»: