Home / Հայաստան / Պահանջում են վերադարձնել դասադուլ անող ուսանողներին պաշտպանած դասախոսին

Պահանջում են վերադարձնել դասադուլ անող ուսանողներին պաշտպանած դասախոսին

Facebook սոցիալական ցանցում «Պահանջում եմ վերականգնել պայմանագիրը Արարատ Միրզոյանի հետ» իրադարձության էջ է բացվել:

Արարատ Միրզոյանը, ով արտահայտվել էր ԵՊՀ ռեկտորի օգնական, ՀՀԿ-ական Գևորգ Մելքոնյանի և դասադուլ անող ուսանողների միջև տեղի ունեցած միջադեպի մասին՝ դատապարտելով Մելքոնյանի գործողությունները, երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այլևս ԵՊՀ դասախոս չէ:

«Իմացա, որ մարտի կեսերից նախատեսվող դասախոսություններիս համար ամբիոնի կողմից առաջարկված պայմանագիրս չեն հաստատել: Հիմա ես իսկապես ԵՊՀ դասախոս չեմ», – գրել է Միրզոյանը:

Պայմանագրի չհաստատելը ԵՊՀ ղեկավարությունը բացատրել է նրանով, թե, իբր, ինքը նախկինում ոչ թե առկայի, այլ հեռակայի դասախոս էր, մինչդեռ Արարատ Միրզոյանը դա կապում է իր հայտարարության հետ:

Միրզոյանը ԵՊՀ-ի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին գրել էր. «Ես` ԵՊՀ դասախոսս, խստորեն դատապարտում եմ 2013թ. փետրվարի 27-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց դասադուլի կոչով հանդես եկող ուսանողների նկատմամբ ԵՊՀ որոշ պաշտոնյաների, ուսխորհդի, արհմիության և/կամ այլ կառույցների ներկայացուցիչների պահվածքը: Համարում եմ, որ հայհոյանքները, վիրավորանքները, սպառնալիք պարունակող և վտանգավոր հետևանքներով հղի «զորքը բեր առաջ, ախալքալակցիներին բեր առաջ» արտահայտությունը, հեգնական «ես էլ եմ ձեզ սիրում, հատկապես աղջիկներին»-ը և նման այլ արտահայտությունները, մեղմ ասած, պատիվ չեն բերում ԵՊՀ-ին և վտանգում են մայր բուհի հեղինակությունը: Պահանջում եմ ՀՀ ԿԳ նախարարից և ԵՊՀ ռեկտորից պաշտոնապես պարզաբանել միջադեպը և պատժել իրենց պաշտոնը չարաշահած և լիազորությունները գերազանցած անձանց»:

Միրզոյանը պատմական գիտությունների թեկնածու է: ԵՊՀ-ում դասախոսել է միայն անցած կիսամյակ` ժամավճարային պայմանագրով: