Home / Տեսանյութեր / Ազատության հրապարակի որ հատվածն է պատմամշակութային հուշարձան. բախում վրանի համար

Ազատության հրապարակի որ հատվածն է պատմամշակութային հուշարձան. բախում վրանի համար

Այսօր «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Ազատության հրապարակում իր ասուլիսի ժամանակ ընթերցել է վրան և անձրևանոց տեղադրելու մասին կուսակցության ներկայացուցչի դիմումին տված քաղաքապետարանի պատասխանը, որում ասված է եղել, որ Ազատության հրապարակը և իր հարակից ասֆալտապատ տարածքը Կառավարության որոշմամբ համարվում է պատմամշակութային հուշարձան: Քաղաքապետարանը թույլտվություն է տվել անձրևանոցի տեղադրման համար՝ եղանակային վատ պայմանների դեպքում, սակայն արգելել է վրան տեղադրել ասվալտապատ տարածքում:

Խուրշուդյանը նշել է, որ, ըստ էության, քաղաքապետարանը չի արգելել վրանի տեղադրումը, որից հետո սկսել է տեղադրման աշխատանքները: Վրանը նախատեսված է Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանի համար:

Ոստիկանները հավաքվել են և փորձ են արել խանգարել «Ժառանգության» մամուլի խոսնակին:

«Քանի որ հրապարակի հարակից կանաչապատ տարածքում սրճարաններ են բացվել և  որոշ տեղերում նաև ծառահատում է իրականացավել, ապա, հավանաբար, այդ հողատարածքը պատմամշակութային հուշարձան չի համարվում, ուստի մենք այդտեղ, ոչ թե ասֆալտին, կտեղադրենք վրանը», – ասել է Խուրշադյանը:

Հավաքված երիտասարդները վրանի տեղադրմանը խոչընդոտող ոստիկանության աշխատակիցներից պահանջել են տեղադրումը թույլ չտալու մասին որոշում ներկայացնել. նրանց խոսքով՝ Քաղաքապետարանի պատասխանում չի արգելվում վրանի տեղադրումը:

Ոստիկանները, այնուամենայնիվ, սկսել են քաշել վրանը և հրել այն մարդկանց, ովքեր փորձումն էին իրականացնել վրանի տեղադրումը: Հրմշտոցը մոտ 15-20 րոպե շարունակվել է, ապա սկսվել են բանակցությունները ոստիկանների և «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի միջև:

Վերջինս նշել է, որ օմբուդսմեն Կարեն Անդեասյանը ևս հայտարարել է, որ ոստիկանների գործողությունները ոտնահարում են մարդու իրավունքները:

12:45-ի դրությամբ ոստիկանների և «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների զրույցը շարունակվում է: