Home / Հայաստան / «Ժառանգությունը» դուրս կգա՞ ԵԺԿ-ից. եվրոպացիներից պահանջում են չեղյալ համարել Սարգսյանին հղած շնորհավորանքը

«Ժառանգությունը» դուրս կգա՞ ԵԺԿ-ից. եվրոպացիներից պահանջում են չեղյալ համարել Սարգսյանին հղած շնորհավորանքը

«Ժառանգություն» կուսակցությունը մտահոգություն է հայտնում այն առթիվ, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրեդ Մարտենսը շնորհավորանք է ուղղել հայաստանյան նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով հաղթած Սերժ Սարգսյանին: Այս մասին ասված է «Ժառանգության» քարտուղար, արտաքին հարաբերությունների գծով պատասխանատու Ստյոպա Սաֆարյանի՝ Մարտենսին հղած նամակում:

Նամակում ընդգծվում է, որ եթե ԵԺԿ ողջ ընտանիքի պաշտոնական հանրակարգային դիրքորոշումը չփոխվի, «Ժառանգությունը» ստիպված կլինի վերանայել այդ հեղինակավոր կազմակերպությանը իր անդամակցությունը:

Նշենք, որ «Ժառանգությունը», ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը 2012 թվականի փետրվարին են դարձել ԵԺԿ անդամ:

«Րաֆֆի Հովհաննիսյանը քվեների ճնշող մեծամասնություն է ստացել գրեթե ամեն մի տեղամասում, որտեղ արձանագրվել է ընտրողների միջին մասնակցություն, մինչդեռ Սերժ Սարգսյանը առկա քվեների գրեթե 100% կամ անգամ ավելին է ստացել բոլոր այն տեղամասերում, որտեղ ընտրողների 80-99% անհավանական մասնակցություն է գրանցվել: Այսօր, երբ դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ընդունում իր կեղծված «հաղթանակի» կապակցությամբ և շրջագայում է տարբեր երկրներով, Հայաստանի ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից ընտրված թեկնածուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, հացադուլ է սկսել՝ պահանջելով ճանաչել ընտրությունների իրական արդյունքները: Նա նաև բաց է եղել երկրորդ փուլ հայտարարելու հնարավորության հարցում: Հայաստանն առանց ժողովրդավարական և ազատ ընտրությունների, լեգիտիմ նախագահի և միջազգային չափանիշների ու ՀՀ Սահմանադրության պահպանման  ապագա չունի: Հայ ժողովուրդը պարզապես չի կարող այլևս ապրել այն ղեկավարի ներքո, որին չի ընտրել: Քաղաքացիների իրավազրկումը նրանց գրեթե զրկել է սեփական պետականության նկատմամբ հավատից: Մենք կոչ ենք անում հենց ԵԺԿ սեփական արժեքների ու չափանիշներին համապատասխան՝ վերանայել գործող նախագահին շնորհավորելու Ձեր որոշումը: Մենք նաև հույս ենք տածում, որ ԵԺԿ-ը կճանաչի հայ ժողովրդի օրինական քվեն եւ չի նպաստի քաղաքական ճգնաժամի խորացմանը, որ ծավալվում է Հայաստանում: Այլ հակառակը, կդառնա ժողովրդավարության իրական առաջամարտիկ ոչ թե այս կամ այն կուսակցության, այլ ողջ հայ ժողովրդի համար, որը փետրվարի 18-ին վճռորոշ հույսով ու խիզախությամբ  իր իրավազոր որոշումն է կայացրել:

Եթե ձեր նախագահական որոշումը, որը խեղում է օրինականության, քաղաքացիական ազատության և ժողովրդավարական արդարության եվրոպական ուղենիշերը, դառնա ԵԺԿ ողջ ընտանիքի պաշտոնական հանրակարգային դիրքորոշումը, մենք ստիպված կլինենք վերանայել այդ հեղինակավոր կազմակերպությանը մեր անդամակցությունը, քանի որ այն ցավալիորեն շեղվել է իր հիմնարար սկզբունքներից, արժեքներից եւ հանձնառությունից, որոնք մենք կիսում էինք ու ընկած էին անդամակցության հիմքում»,-ասված է Վիլֆրեդ Մարտենսին ուղղված նամակում:

Լուսանկարը՝ flickr.com