Home / Հայաստան / ՎԻԴԵՈ. Երիտասարդականի գետնանցումը դատարկում են. գիրք վաճառողներն այլ տեղ չեն ցանկանում գնալ

ՎԻԴԵՈ. Երիտասարդականի գետնանցումը դատարկում են. գիրք վաճառողներն այլ տեղ չեն ցանկանում գնալ

«Երիտասարդական» մետրոյի կայարանին հարող գետնանցումում վերջին օրերին սկսված իրարանցումը տարածքի աշխատակիցներից ոմանց խոսքերով «արմագեդոն», ոմանց կածիքով էլ «եղեռն», «սպանդ», «Անիի կոտորած» են հիշեցնում:

Մի քանի օր է, ինչ գետնանցումում գտնվող խանութների աշխատակիցներն ու դրանց հարևանությամբ գտնվող գիրք վաճառողները պատրաստվում են ազատել տարածքը, քանի որ օրեր առաջ իրենց հրահանգել են հեռանալ: Այս մասին նրանք ասել են Epress.am-ի թղթակցի հետ զրույցում: Առևտրականներից մեկն ասել է, որ տարածքը պատկանում է գործարար Կարեն Բաղդասարովի «Վիկտորիա Թրեյդ» ընկերությւանը, որը զբաղվում է ցորենի ներկրմամբ:

Կային մարդիկ, ովքեր տեղյակ չէին ինչու և ով է իրենց հանում տարածքից:

«Ոչ ոք դեռ չի եկել, ոչինչ չի առաջարկել, միայն միլիցիոներներին ուղարկել են, որոնք ասել են, որ մինչև չորեքշաբթի դուրս գանք այստեղից: Հիմա վերջին աշխատանքներն ենք կատարում: Տեղը շատ հարմար էր, քանի որ ուսանողները սովորում էին, տեղը գիտեին, իրենց էլ էր հարմար, մեզ էլ, պետությանն էլ, որովհետև էսքան աշխատուժ կար, բոլորն էլ հարկային դաշտ մտած էին, սոցվճարներն էլ տալիս էին», – գետնացումցում ասել է գիրք վաճառող Գոհար Դեմիրճյանը:

Գիրք վաճառողներց շատերը նշել են, որ իրենք հայտնվել են անելանելի վիճակում ու այս պահին չգիտեն՝ որտեղ են տեղավորելու հազարավոր գրքերը:

«Կեսը տանելու եմ սրա-նրա տուն, կեսը մեր տուն, սպասում ենք՝ մի տեղ առաջարկեն, տանենք, մեր ապրանքը վաճառենք»,- ասել է 65-ամյա Սուրենը, ով նշել է, որ շուրջ 20 տարի է, ինչ զբաղվում է գրքերի վաճառքով:

Նրանցից շատերն էլ կարծիք են հայտնել, որ չէր կարելի հենց այսպես, ուղղակի գիրքը փողոց շպրտել:

«Գիրքը կարելի էր մի լավ տեղ տեղավորել, որ բոլորին էլ հասանելի լիներ, ոչ թե  կազինոյի, գիշերային ակումբների գովազդ են անում ու գիրքը էսօր մղվել ա հետին պլան: Ինչի՞ համար, ու՞ր են տանում: Իբր գրքի տարի էր ու գրքերի մայրաքաղաք հռչակեցին Երևանը (2012-ին-խմբ.), ու հիմա գիրքը շպրտում են փողոց»,- բողոքել է 2001 թվականից գրքի առևտրով զբաղվող մոտ 50 տարեկան Մարգարիտան:

Գիրք վաճառողներից ոմանք էլ շեշտել են, որ չեն ցանկանում որևէ մեկնաբանություն տալ, քանի որ «անակնկալից» սարսափելի վիճակում են հայտնվել:

Կային նաև մարդիկ, որոնք տեղեկացված էին, որ Երևանի քաղաքապետերանը իրենց առևտրի համար նոր տարածք է առաջարկելու:

«Ընտրությունները վերջացան, իրանք սկսեցին, հիմա գնալու եմ Վերնիսաժ: 7-8 տարի է, այստեղ եմ աշխատում, հիմա պետք ա գրքերը տանեմ գարաժ, կամաց-կամաց տանեմ Վերնիսաժ՝ վաճառելու: Մեզ ասացին, որ քաղաքապետարանը առաջարկել է առևտուրը շարունակել Գրիգոր Լուսավորիչ-Մաշտոց պողոտաների ու Մաշտոցի պուրակի գետնանցումներում, բայց մտավախություն ունենք, որ մինչև գնանք-տեղավորվենք, ինչ-որ ժամանակ անց մեկը գա ու ասի, որ սեփականատերը մեզ հանում է: Է՞լ իմաստը ո՞րն է: Մինչև հաճախորդներին էս տեղը սովորացրեցինք, մի 3-4 տարի տևեց, ստեղ զուգարան էր, մարդ չէր մտնում, սարքեցինք, մաքրեցինք, արդեն սովորեցրինք, հիմա էլ գնաս էնտեղ, մինչև 5 տարի էլ էնտեղ սովորացնես՝ էլ ո՞վ ապրի, ո՞վ մեռնի», – ասել է 58-ամյա Հարությունը:

Խնդրի շուրջ Еpress.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքապետարանի լրատվական ծառայության պետ Արթուր Գևորգյանի հետ, ով հաստատել է, որ իրենք այդ մարդկանց  2 տարբեր տարածքներ են առաջարկել՝ Գրիգոր Լուսավորիչ-Մաշտոց պողոտաների, ինչպես նաև Մաշտոցի պուրակի գետնանցումները:

«Մենք առաջարկել ենք, իրենք կկայացնեն իրենց որոշումը ու մենք էլ ամեն ինչը պատշաճ կերպով կապահովենք: Ամեն ինչ կբարեկարգվի՝ լույսով, ամեն բան կապահովվի, մենք ընդամենը կսպասենք որոշմանը ու երբ որ որոշումը կկայացնեն, մենք կհատկացնենք տարածքները: Բոլոր օրինական գործունեություն իրականացնողները կարող են նշված տարածքներում շարունակել իրենց աշխատանքը», -ասել է Գևորգյանը:

Նրա խոսքով՝ գետնանցման տարածքում գտնվող խանութների սեփականատերը որոշել է ներդում անել և բարեկարգել ամբողջ տարածքը: Ինչ է նախատեսվում կառուցել գետնանցումում, քաղաքապետարանի աշխատակիցը հստակ չկարողացավ ասել: Թեև Epress.am-ի թղթակցի հետ զրույցում գրքավաճառները և գետնանցման ներկայիս խանութների աշխատակիցները պնդում էին, որ վաճառվել է նաև բուն գետնանցումը, Արթուր Գևորգյանը հավաստիացրել է, որ սեփականաշնորհված են միայն գետնանցման խանութները, իսկ գետնանցումի տարածքը ոչ մեկին չի պատկանում:

Մեր թղթակցի հետ զրույցում գրքավաճառներներից մի քանիսը, այնուամենայնիվ, նշել են, որ քաղաքապետարանի առաջարկած տարածքներում աշխատել չեն պատրաստվում՝ պատճառաբանելով, որ այդ վայրերում մարդկանց շարժը մեծ չէ, այդ վայրերում ուղղակի առևտուր չի լինելու ու անիմաստ է այնտեղ գնալը: