Home / Հայաստան / Սեդրակյանին ձերբակալեցին Հայրիկյանի մահափորձը պատվիրելու մեղադրանքով

Սեդրակյանին ձերբակալեցին Հայրիկյանի մահափորձը պատվիրելու մեղադրանքով

Երեկ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան: Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Էդիկ Ավետիսյանի որոշոմամբ՝ Սեդրակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը:

Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու մեջ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում Սեդրակյանին, ով արդեն տեղափոխվել է «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ,  սպառնում է 12-ից 20 կամ ցմահ ազատազրկում:

Նշենք, որ մահափորձ կատարելու կասկածանքով ԱԱԾ-ն փետրվարի 7-ին ձերբակալել էր Խաչատուր Պողոսյանին և Սամվել Հարությունյանին, ովքեր նախկինում աշխատել են Վարդան Սեդրակյանի մոտ՝ զբաղվել են բնակարանի վերանորոգմամբ: Համաձայն քննությունն իրականացնող մարմնի, Պողոսյանն ու Հարությունյանն ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել:

Նշենք, նաև, որ դեռևս անցյալ ամիս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ձերբակալված Խաչատուր Պողոսյանի զոքանչը՝ 51 -ամյա Կարինե Էլչակյանն ասել էր, որ  մահափորձի պատվիրատուն Վարդան Սեդրակյանն է: