Ռուբեն Ջաղինյանը նշանակվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Ռուբեն Ջաղինյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը և հաշվի առնելով ՀՀ նախագահի 2013թ. փետրվարի 6-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի որոշումը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մինչ Հանրապետության ղեկավարի հրամանագիրը, ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովը, փետրվարի 26-ի նիստում քննարկելով մրցույթին մասնակցելու համար ներկայացված 2 դիմումը, որոշում է կայացրել հաղթող ճանաչել մրցույթի պահանջները բավարարող դիմումատուներին՝ Ռուբեն Վլադիմիրի Ջաղինյանին և Աստղիկ Շամսի Ավետիսյանին: Ռուբեն Վլադիմիրի Ջաղինյան (Կենսագրական համառոտ տվյալներ) Ծնվել է 1969 թվականի ապրիլի 28-ին, Երևանում (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ): 1994թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը: 1987-1989թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Աշխատանքային գործունեություն 1991 թվականից մինչ նշանակումը եղել է «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը, 2005-2009թթ.- «Երևան» ամսագրի նախագծի ղեկավար, 2005թ.-ից` Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի (IATR /ՌԴ/ ) ակադեմիկոս, 2006թ.-ից` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, 2006 - 2011թթ.- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի ոլորտի մենեջմենտ» կուրսի ղեկավար, Աշխատանքային գործունեության ընթացքում հանդես է եկել որպես մի շարք նախագծերի և հեռուստատեսային ֆիլմաշարերի հեղինակ և պրոդյուսեր.- USAID, UNICEF, UNESCO, «Save the children» և այլ կազմակերպությունների հետ համատեղ իրականացված սոցիալական նախագծերի,
- Ռուսաստանի Դաշնության մի շարք հեռուստաընկերությունների (ОРТ, РТР, СТС ) հետ համատեղ նախագծերի,
- միջազգային հեղինակավոր մրցանակների արժանացած երաժշտական նախագծերի /(«Երևան- տրանզիտ» (2006-2009), «Հայկական ջազ- 70»` Ջազի տարվա շրջանակներում (2008)/,
- փաստավավերագրական ֆիլմերի /«Քանի դեռ կամ» (2000), «Հրաշագործի աշունը» (2008), «Մի լուսանկարի պատմություն» (2009), «Արվեստակիրներ» - 24 վավերագրական կինոնկարներից բաղկացած ֆիլմաշար հայ ազգային մշակույթում նշանակալի ներդրում ունեցող անհատների մասին (2009-2012) և այլն/
- լայնածավալ միջոցառումների / «Հատուկ նշանակության երգեր»` նվիրված Հայկական ազգային բանակի տարեդարձին (2007), «Էրեբունի-Երևան»` Քաղաքի օրվա տոնակատարության կապակցությամբ (2007, 2009, 2010, 2012) և այլն/
- թատերական բեմադրությունների / բալետ «Սպարտակ» (2009)- բեմադրությունը` Յուրի Գրիգորովիչի (ՌԴ), օպերա «Աիդա» (2010) - բեմադրությունը` Մարիո Կոռադիի (Իտալիա) /