Home / Հայաստան / Ակցիա դեսպանատների մոտ. ոստիկանները պատռեցին պաստառը (թարմացված)

Ակցիա դեսպանատների մոտ. ոստիկանները պատռեցին պաստառը (թարմացված)

Այսօր Հայաստանում մի շարք պետությունների դեսպանատների մոտ մի քանի տասնյակ քաղաքացիական ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում այն փաստից, որ օտարերկրյա պետությունների ղեկավարները շնորհավորել են Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ:

Ակտիվիստները նախ գնացել են Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ նրանց դիմավորել է ոստիկանական պատը՝ թույլ չտալով մոտենալ ճաղերին:

Նրանք ձեռքերում պահել են անգլերեն և ֆրանսերեն լեզուներով հետևյալ գրություններով պաստառներ. «Դուք շնորհավորում եք կեղծ նախագահի», «Մի աջակցեք նոր Մարտի 1-ին», «Fuck you», «Մենք ուզում ենք Carrefour-ը Հայաստանում»:

Ակտիվիստներից մեկին հաջողվել է շրջանցել ոստիկանական պատը և հայտնվել դեսպանատան ճաղավանդակների մոտ, սակայն ոստիկանները նրան հրելով հետ են տարել, ձեռքից խլել պաստառը և պատռել այն: Պաստառի վրա գրված է եղել «Սերժ Սարգսյանին նվիրում ենք ձեզ»:

Ակցիայի մասնակիցները կարողացել են իրենց բողոքն արտահայտող տեքստով նամակ հանձնել դեսպանատուն, որից հետո շարժվել են դեպի Իտալիայի դեսպանատան շենք, որտեղ իրենց հաջողվել է նախքան ոստիկանների գալը մոտենալ ճաղավանդակներին, սակայն ոստիկանները, հասնելով տեղ, իրենց հետ են հրել:

Որպեսզի պաստառներն ավելի տեսանելի լինեն դեսպանատան շենքում գտնվողներին, ակտիվիստ Արթուր Գրիգորյանը ուսերինէ նստեցրել ակցիայի մասնակից Աշխեն Գրիգորյանին, ով պարզել է «You congratulated a fake president» պաստառը:

Ակտիվիստ Զառա Հովհաննիսյանը բարձրախոսով հայտարարել է, որ օտարերկրյա պետությունների ղեկավարները, շնորհավորելով Սերժ Սարգսյանին, լեգիտիմացնում են մի գործընթաց, որը կոչվում է չընտրություն:

Արթուր Գրիգորյանն էլ նշել է, որ այդ պետությունները իրենց շնորհավորանքներով Հայաստանը մղում են դեպի ճահիճ:

Ռուսաստանի դեսպանատան մոտ ոստիկանների թիվը էլ ավելի մեծ է եղել: Ոստիկանները նշել են, որ դա դեսպանատան պահանջն է: Ակտիվիստները հանձնել են նամակը, ապա կանգնել դեսպանատան դիմաց և սկսել են վանկարկել «Позор, позор» (խայտառակություն):

Ռուսաստանի դեսպանատան մոտ Զառա Հովհաննիսյանն ընթերցել է հանձնած նամակի տեքստը, որում, մասնավորապես, ասվում է, թե ակտիվիստները դիմելու են քաղաքացիական խաղաղ անհնազանդության, չեն ենթարկվելու ապօրինի նախագահի հրահանգներին, այդ թվում՝ նրա կողմից ստորագրված միջազգային համաձայնագրերին: