Home / Հայաստան / ՎԻԴԵՈ-Սարգսյանի կատակներից հետո Հովհաննիսյանը մարդկանց տուն ուղարկեց. խոստացավ խոսել վաղը

ՎԻԴԵՈ-Սարգսյանի կատակներից հետո Հովհաննիսյանը մարդկանց տուն ուղարկեց. խոստացավ խոսել վաղը

16:00 Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրների մի խումբ գնացել է Ազատության հրապարակ: Նրանց հետ զրուցել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և ասել է, որ մարդիկ կարող են հրապարակում հավաքվել 18:00-ին:

15:05 Րաֆֆի Հովհաննիսյանը մոտ մեկ ժամ նախագահականում անցկացնելուց հետո դուրս եկավ: «Ժառանգության» առաջնորդը հայտարարել է, որ վաղը ժամը 17:00-ին Ազատության հրապարակում կայանալիք հանդիպման ժամանակ կհայտնի Սերժ Սարգսյանի հետ զրույցի բովանդակության մասին: Հավաքվածները սկսել են վանկարկել՝ «Հիմա, հիմա»: Րաֆֆի Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, որոշել է իր ասելիքն ասել վաղը: Մարդիկ դարձյալ պնդել են՝ հիմա, հարցրել են, թե ինչու Հովհաննիսյանը չի խոսում այսօր: «Որովհետև այդպես եմ որոշել», – պատասխանել է նախագահի թեկնածուն:

«25 տարի սպասել ենք», – Րաֆֆի Հովհաննիսյանի հետևից բղավել է մի տղամարդ:

Րաֆֆի Հովհաննիսյանը հավելել է, որ այսօր պետք է մի շարք դիվանագետների հետ հանդիպի:

14:45 ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը տարածել է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպման կարճ տեսանյութը:

ՀՀ նախագահի Youtube-ի էջում տեղադրվել է Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման տեսագրության մի հատված:

Կայացել է հետևյալ երկխոսությունը.

– Մի տեսակ տխուր ես, Րաֆֆի, – ասաց Սարգսյանը:

– Չէ, չէ, չէ, իրավատեր եմ, բարի տեսանք, պարոն Սարգսյան:

–  Խնդրեմ, – հրավիրելով նստելու՝ ասում է Սերժ Սարգսյանը:

«Ինչպե՞ս եք, տիկին Սարգսյանն ինչպե՞ս է», – հարցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

–  Լավ, չնայած նրան, որ «ոչինչ, որ այլևս չեմ լինելու առաջին տիկինը», – ծիծաղելով պատասխանել է Սերժ Սարգսյանը (վատ է լսվում, կատակում է, հավանաբար, ցիտում է տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին):

Ապա Սերժ Սարգսյանը հարցնում է, արդյոք զրուցելու են լրագրողների ներկայությամբ, Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է՝ կարող ենք և այսպես:

14:25ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը տարածել է Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման լուսանկարը:

Այլ տեղեկություններ գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրության մեջ չի նշվում: Հարյուրավոր մարդիկ շարունակում են սպասել Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահի նստավայրի դիմացի մայթին՝ Մարշալ Բաղրամյան մետրոյի մոտ:

Բաղրամյան պողոտան հետիոտների համար գրեթե անանցանելի է:

13:59 Հավաքվածները վանկարկում են «Րաֆֆի, նախագահ», «Սերժիկ, հեռացիր»:

13:57 Հավաքված մարդկանց միանում են նոր մարդիկ: Epress.am-ի թղթակիցը նկատել է մարզերից եկած քաղաքացիների, ովքեր իրենց քաղաքների անուններով պաստառներ են պահել: Մասնավորապես, երևում են «Գյումրի» և «Կապան» գրությամբ պաստառներ:

13:43 Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի մոտ հավաքվածներին միացել են ամեն հինգշաբթի բողոքի ակցիա անցկացնող ՀՀ զինված ուժերում զոհված զինվորների մայրերը: Վերջիններս հայտարարել են, որ ցանկանում են դուրս գալ փողոցի միջնամաս և կանգնել բաժանարար գծի վրա: Ոստիկանները թույլ չեն տալիս դա անել: Բողոքող մարդկանց են միացել նաև ստոմատոլոգներն ու խավբված բնակարանատերերը, ովքեր իրենց խնդիրներ են բարձրացնում՝ ՀՀ կառավարության և ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիաներ անցկացնելով:

13:41 Ոստիկանները խիտ շարքով, տեղ-տեղ երկու շարքով կանգնած են մարդկանց դիմաց: Հավաքվածները վանկարկում են «Հայաստան», «Հայաստան»:

13:35 Րաֆֆի Հովհաննիսյանը մտավ նախագահական նստավայր: Նրա համակիրները ծափահարում են, վանկարկում են «Րաֆֆի, Րաֆֆի»:

13:33 Բաղրամյան պողոտայի երկայնքով, սկսած Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկից, ոստիկաններ են կանգնած: Մարդիկ անցել են մայթը և մոտեցել են մետրոյի կայարանին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմացի մայթին է՝ նախագահական նստավայրի մոտ:

13:31 Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայնել է ոստիկանների պահանջի հետ և հայտարարել է, որ մարդիկ կկանգնեն Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի մոտ ու կսպասեն մինչ Սերժ Սարգսյանը, համաձայն իր խոստման, կհանդիպի իր հետ:

13:30 Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը, ով առաջնորդում է երթը, բանակցում է կրկին Վալերի Օսիպյանի հետ: Վերջինս պահանջում է անցնել փողոցը և քայլել դիմացի մայթով:

13:28 Երթը հասել է Չեխովի անվան դպրոց: Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է դպրոցի մոտ կանգնած աշակերտներին՝ ասելով. «Դուք եք մեր ապագան»:

13:25 Րաֆֆի Հովհաննիսյանի և ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանի՝ Ազատության հրապարակից դուրս գալու պահին կայացած բանակցությունների ընթացքում վերջինս ասել է, որ Հովհաննիսյանը «ժողովրդի մեջ բարի կերպար է ստեղծել, բայց իրեն շատ ագրեսիվ է պահում»: Հովհաննիսյանը խնդրել է իր համակիրներին բաժանվել 50 հոգանոց խմբերի և այդպես շարժվել դեպի նախագահական նստավայր՝ օրենքը չխախտելու համար:

13:20 Ոստիկանական մեծաթիվ ուժեր արդեն դիրքավորվել են Բաղրամյան պողոտայի վրա՝ Ակադեմիայի շենքի մոտ, Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկին, ինչպես նաև անմիջապես նստավայրի մոտ: Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը երթը դեպի նախագահական նստավայր շարունակվում է, դրան մասնակցում են հարյուրավոր մարդիկ:

13:15 ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր գնալու է ՀՀ նախագահ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Սերժ Սարսգայնի հետ հանդիպման: Այս մասին նա րոպեներ առաջ հայտարարել է Ազատության հրապարակում:

Րաֆֆի Հովհաննիսյանը վկայակոչել է Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի երեկվա հայտարարությունն այն մասին, որ Սարգսյանը պատրաստ է հանդիպել իրեն, այդ իսկ պատճառով Հովհաննիսյանը որոշել է գնալ այդ քայլին՝ իր համակիրներին վաղը ժամը 17:00-ին հրավիրելով Ազատության հրապարակ:

Հովհաննիսյանի ելույթից հետո Ազատության հրապարակում հավաքված մարդիկ որոշել են երթով բարձրանալ Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր: Նրանք ոստիկանների դիմադրությանն են հանդիպել, սակայն միևնույնն է շարունակել են ընթացքը: