Home / Հայաստան / «Հաղթանակ կամ ոչինչ». Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Ազատության հրապարակում

«Հաղթանակ կամ ոչինչ». Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Ազատության հրապարակում

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ազատության հրապարակում՝ հիշեցնելով, որ 5 տարի է անցել 2008 թվականի նախագահական ընտրություններից, և ժողովուրդը կրկին Ազատության հրապարակում է:

Նա նշել է, որ փետրվարի 18-ին ժողովուրդն ընտրել է իր նախագահին, բայց, ինչպես և սպասվում էր, ԿԸՀ-ի արդյունքերը չեն արտահայտում ժողովրդի ընտրությունը:

«Ըստ այդմ, Հայաստանում հաստատված է ավտորիտար համակարգ, որտեղ իշխանությունները ընտրությունն անցկացնում են սեփական վերատադրությունը ապահովելու նպատակով:

Դրանք անցկացվում են, որպեսզի իշխանությունը մնա իշխանություն, իսկ ընդդիմութույնը մնա դատապարտվողի դերում», – հայտարարել է Փաշինյանը:

Պատգամավորն ընդգծել է, որ Սերժ Սարգսյանն այս տրամաբանությունն էր ուզում դնել 2013 նախագահական ընտրությունների հիմքում, իսկ ժողովուրդը, ինչպես և 2008 թվականին, մերժեց այս տրամաբանություն:

Փաշինյանն ասել է, որ Հայաստանի քաղաքացին 2013 թվականի փետրվարի 18-ին իրականացրեց հեղափախոթյուն Հայաստանի 1988 ընտրատեղամասերում՝ 30 վայրկյանանոց հեղափոխություն: Նրա խոսքով՝ խնդիրն այժմ հետևյալն է. դե ֆակտոն հաղթանակը դարձնել դե յուրե հաղթանակ:

Փաշինյանը կոչ է արել բոլոր այն ուժերին, ովքեր շահագրգռված են ժողովորդի հաղթանակի մեջ, պաշտպանել ժողովրդի ընտրությունը ու դա պետք է անեն առանց նախապայմանների, առանց բանակցությունների, որովհետև «ժողովրդի հետ չեն բանակցում, ժողովրդի որոշումներն ընդունում են ի գիտություն»:

ՀԱԿ անդամը նշել է, որ մարդիկ Ազատության հրապարակում են ՀՀ Սահմանդրությունը հերթական ոտնձգությունից պաշտպանելու համար:

«Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ժողովդրի վստահության քվեն, և ուրեմն նա պետք է որոշի, թե ինչ քայլերի հաջորդականությամբ պետք է դե ֆակտո հաղթանակը դարձնել դե յուրե հաղթանակ: Համոզված եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա թիմի որոշումներից է կախված, թե ինչ կբերի փետրվարը և դա մեծ պատասխանատվություն է: Ժողովրդին չի կարելի տանել հիասթափության», – հայտարարել է ԱԺ պատգամավորը:

Նա Հովհաննիսյանին բավական խոհեմություն է մաղթել՝ ժողովրդին դեպի հաղթանակ առաջնորդելու համար:

Իր խոսքի վերջում նա  կոչ է արել հարգանքի տուրք մատուցել մարտի 1-ի զոհերին:

«Այլևս երբեք ոչ մի բռնություն, ոչ մի արյուն: Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում: Հաղթանակ կամ ոչինչ, հաղթանակ և ուրիշ ոչինչ», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի ելույթից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ համաձայն է նրա ելույթի 99.9 տոկոսի հետ: Հովհաննիսյանը չի համաձայնել միայն «Րաֆֆին և նրա թիմը» արտահայտության հետ՝ ասելով, որ հարկ է օգտագործել «մեր թիմը» արտահայտությունը: