Home / Հայաստան / ՊԵԿ-ի էլեկտրոնային համակարգը չի աշխատում. հարկատուներն ահազանգում են

ՊԵԿ-ի էլեկտրոնային համակարգը չի աշխատում. հարկատուներն ահազանգում են

Վերջին մի քանի օրերին, բացարձակապես չի աշխատում ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգը: Այս մասին ասված է «Քաղաքացի-հարկատու-Բիզնես իրավապաշտպան կազմակերպություն» ՀԿ-ի կողմից տարածած հայտարարության մեջ:

ՀԿ-ն նշում է, որ վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր է ստացել հարկատուներից, որոնք հայտնում են դրանից օգտվելու անհնարինության մասին:

«Ներկայումս աշխատանքային ժամերին անհնար է ներկայացնել եկամտային հարկի և անձնավորված հաշվառմանը վերաբերվող հաշվարկ հաշվետվությունները համակարգի անսարքության պատճառով:

Մեր կողմից ստուգվել են այդ ահազանգերից մի մասը` պարզվում է, որ դրանք համապատասխանում են իրականությանը` համակարգը փաստացի չի աշխատում», – նշում է կազմակերպությունը:

Առկա են մասնավորապես հետևյալ խնդիրները` հիմնականում հնարավոր չէ մուտք գործել համակարգ, մուտք գործելու դեպքում անհնար է կատարել հաջորդ քայլերը, որոնք անհրաժեշտ են հաշվետվությունները ներկայացնելու համար, առկա են նաև այլ թերություններ կապված համակարգում առկա` կազմակերպությունների տվյալների սխալների հետ: Մասնավորապես հարկային կոդի մուտքագրման դեպքում փաստաթղթերում արտացոլվում են սխալ անվանումներ, հասցեներ, հարկատուների կողմից ՊԵԿ և էլեկտրոնային ստորագրությունների համակարգը սպասարկող ԷԿԵՆԳ ընկերությանն ուղված զանգերը կամ անպատասխան են մնում, կամ օպերատորը պատասխանում է, որ համակարգում աշխատանքներ են ընթանում և խափանումը դրանով է պայմանավորված:

ՀԿ-ն ընդգծում է, որ այս ամենը լուրջ մտահոգություններ է առաջացնում հարկատուների շրջանում, որոնք պարզապես կարող են ենթարկվել վարչական տուգանքի հաշվետվությունների ժամանակին չհանձնման պատճառով, որում իրենք բացարձակ մեղավորություն չունեն:

Կազմակերպությունը կոչ է անում ՀՀ Կառավարությանը և ՊԵԿ-ին հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ, որում կնշվեն համակարգի խափանումների փաստը և դրանց համար պատասխանատու սուբյեկտները, իսկ մինչ նշված խնդիրների լուծումը պաշտոնապես հայտարարել հաշվետվությունների ներկայացման ժամկետների երկարացման մասին, կամ դրանք թղթային եղանակով ընդունելու պատրաստակամության մասին: Պատասխանատու գերատեսչություններից նաև պահանջում են պարտադրել համակարգը ներդնող, շահագործող և սպասարկող ընկերության անձնակազմին պատասխանել հարկատուների զանգերին, իսկ էլ. հաշվետվությունների համակարգին միանալու վերաբերյալ պայմանագրերի կնքման, նույնականացման քարտերի գրանցման և նմանատիպ այլ գործառույթների իրականացման ժամկետը կրճատել (ներկայումս դա տևում է մեկ շաբաթից ավելի, երբեմն նույնիսկ շաբաթներ):