Home / Հայաստան / «Ժամանակն է, որպեսզի ՀԱԿ-ը վերածվի կուսակցության». Տեր-Պետրոսյանը պատրաստ է առաջնորդել

«Ժամանակն է, որպեսզի ՀԱԿ-ը վերածվի կուսակցության». Տեր-Պետրոսյանը պատրաստ է առաջնորդել

Հայ Ազգային Կոնգրեսի ներսում իսկապես խմորումներ կան, և այդ առումով թաքցնելու ոչինչ չկա: Այս մասին հայտարարել է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ, Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Որոշ ուժեր և անհատներ դե յուրե, իսկ ոմանք դե ֆակտո դուրս են եկել դաշինքից: Ես սա շատ բնական եմ համարում, որովհետև փոխվել են ոմանց մոտեցումներն ու ակնկալիքները, փոխվել է քաղաքական օրակարգը, փոխվել են մեր առջև կանգնած խնդիրները, ինչը կազմակերպական նոր լուծումներ է պահանջում: Հասկանալի է, որ Կոնգրեսն այլևս չի կարող պահպանվել նույն կազմով ու կառուցվածքով, ինչպիսին հանդես է եկել նախորդ հինգ տարիների ընթացքում: Որպես տարբեր քաղաքական ուժերի և անկուսակցականների հոծ զանգվածի դաշինք, Կոնգրեսը լիովին կատարել է ավազակապետության դեմ անհաշտ պայքարի ելած ընդդիմադիր շարժման իր անուրանալի դերը, բայց այդ դերակատարությունը շարունակելու և պայքարը մինչև հաղթական ավարտ հասցնելու համար կարիք ունի լուրջ ինստիտուցիոնալ փոփոխության: Այսօր մենք գտնվում ենք մոտավորապես այնպիսի հանգրվանում, ինչպիսին էր Համաժողովրդական շարժումից Հայ Ազգային Կոնգրեսի անցման հանգրվանը: Ո´չ Համաժողովրդական շարժումը, ոչ էլ Կոնգրեսը երբեք քարացած, դոգմատիկ կառույց չեն եղել և ինստիտուցիոնալ առումով միշտ էլ կարողացել են հարմարվել ժամանակի պահանջներին: Այդ խնդիրը մենք փայլուն կերպով լուծեցինք 2008 թվականին, և վստահ եմ, նույնքան փայլուն կերպով ի վիճակի ենք լուծել հիմա», – հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նա նշել է, որ նկատի ունենալով առաջիկա տարիներին քաղաքական զարգացումների միտումներն արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության:

«Ուզում եմ նաև տեղեկացնել, որ Կոնգրեսին հավատարիմ մնացած ուժերի շրջանակում այդ գաղափարի իրականացման շուրջ քննարկումներ արդեն իսկ ընթանում են», – ընդգծել է ՀԱԿ առաջնորդը:

Տեր-Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ նոր կուսակցությունը դավանելու է սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսությունը, որի էությունր լիակատար լիբերալ տնտեսական համակարգի և ժողովրդի սոցիալական պահանջների լիարժեք բավարարման ներդաշնակումն է՝ պետության չափավոր վերահսկողության շրջանակներում:

«Նման գաղափարախոսություն դավանող կուսակցություններ աշխարհում գոյություն ունեն, և դրանցից ամենահայտնին ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունն է՝ ի դեմս իր առաջնորդներ Բիլ Քլինթոնի և Բարաք Օբամայի: Ինչ վերաբերում է քաղաքական ծրագրին, ապա այն, ըստ էության, չի տարբերվելու «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ծրագրից, այն է՝ ավազակապետության կազմաքանդում և սահմանադրական կարգի վերականգնում, ինչը նշանակում է բոլոր այն նպատակների իրականացումը, որոնք մեր ժողովրդի կամքով ամրագրված են ՀՀ Սահմանադրության մեջ», – հայտարարել է ՀՀ առաջին նախագահը:

Տեր-Պետրոսյանը նշել է, որ ջանք չի խնայելու այդ կուսակցությունր կայացնելու և երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկր դարձնելու գործում:

«Իսկ եթե ինձ վստահեն, թեկուզ խորհրդանշական կարգավիճակով, առաջնորդել նորաստեղծ կուսակցությունը, ապա դա ինձ համար մեծ պատիվ կհամարեմ ու ամենայն պատասխանատվաթյամբ կկատարեմ իմ պարտականությունը: Ես մեծ ակնկալիք ունեմ, որ Կոնգրեսի հենքի վրա նոր կուսակցության ստեղծման գաղափարը ոգևորելու է շատերին, և նրան անդամագրվելու են ոչ միայն որոշ քաղաքական ուժեր, այլև Կոնգրեսի բազմահազար կուսակցական անդամները, որոնց ներկայացուցիչները վստահաբար, ներգրավվելու են կուսակցության ղեկավար մարմիններում», – եզրափակել է Լևոն Տեր-Պետրոսյանը: