Home / Հայաստան / Կառավարությունը շահագրգռված է, որպեսզի «Կարֆուր»-ը գա Հայաստան. վարչապետ

Կառավարությունը շահագրգռված է, որպեսզի «Կարֆուր»-ը գա Հայաստան. վարչապետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է «Կարֆուր» սուպերմարկետների ցանցի ներկայացուցիչների հետ և քննարկել է վերջիններիս հետաքրքրող բոլոր հարցերը: Այս մասին նա ասել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին՝ ինչու են խոշոր բիզնեսմենները խոչընդոտում ցանցի գործունեությանը:

«Առաջինը՝ Հայաստանի կառավարությունը խիստ շահագրգռված է, որպեսզի «Կարֆուրը» ներկայացված լինի մեր շուկայում և մատուցի այն ծառայությունները, որ նա աշխարհով մեկ մատուցում է, քանի որ իր մեջ պարունակում է բազմաթիվ դրական երևույթներ մեր տնտեսության համար, և դա կարևոր է մրցակիցային դաշտի ձևավորման համար: Դա նոր մշակույթի ներդրում է, նոր տիպի ինստիտիտուտների, ենթակառուցվածքների ձևավորում է՝ գյուղատնտեսական ապրանքների գնումներ, փաթեթավորում, ծառայությունների մատուցում, այդ թվում նաև հայկական ապրանքների արտահանում: Մենք առաջարկել ենք մեր աջակցությունը «Կարֆուրին» որպես կառավարություն, որպեսզի նա հնարավորինս արագ հայտնվի մեր շուկայում», – ասել է ՀՀ վարչապետը:

Նա նշել է, որ  ՀՀ կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի ցանցի գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծի, քանի որ ինքը կարևոր է համարում, որ «Կարֆուրը» ներկայացված լինի Հայաստանում: