Home / Հայաստան / Անդրիաս Ղուկասյանի ճնշումը կտրուկ իջել է. մրցակիցը կոչ է անում «փրկել կյանքը»

Անդրիաս Ղուկասյանի ճնշումը կտրուկ իջել է. մրցակիցը կոչ է անում «փրկել կյանքը»

17 օր Հայաստանի գիտությունների ակադեմիայի շենքի մոտ հացադուլ անող ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի ինքնազգացողությունն այսօր առավոտյան վատացել է. նրա մոտ արյան ճնշման կտրուկ անկում է գրանցվել՝ նվազելով մինչև 80/40:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, Ղուկասյանն այժմ պառկած է մեծ հովանոցի տակ, Շտապօգնության աշխատակիցները նրա առողջական վիճակը ստուգելուց հետո արդեն հեռացել են: Այս պահին հացադուլի վայրը հսկում են ոստիկանության աշխատակիցներ, որոնցից երկուսի մոտ բժշկական դեղատուփեր կան:

Քիչ առաջ Անդրիաս Ղուկասյանին է այցելել ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը, ով նշել է, որ նախագահի թեկնածուները ոչ թե որպես քաղաքական գործիչներ, այլ որպես քաղաքացիներ կարող են միավորվել, համոզել Ղուկասյանին դուրս գալ հացադուլից, քանի որ, նրա խոսքով, Հանրապետական կուսակցությունը չարժե, որ երիտասարդ մարդն իր կյանքը կորցնի:

Սեդրակյանի խոսքով՝ սա է Սերժ Սարգսյանի ապահով Հայաստանը, երբ մարդ նախագահի նստավայրից ոչ հեռու հացադուլ է անում, և դրան որևէ արձագանք չկա:

Հիշեցնենք, որ երեկ Ղուկասյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ողջ հացադուլի ընթացքում իր մոտ ինքնազգացողության վատթարացում չի արձանագրվել, համենայնդեպս, նա հետազոտության էր ենթարկվել:

«Արյուն եմ հանձնել հատազոտության, հիմա բժիշկների հետ վերլուծում եմ վիճակն ու ռազմավարությունը, ամեն ինչ նորմալ է», – ասել էր թեկնածուն: