Home / Հայաստան / Նախագահի ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին. Հայրիկյանը ՍԴ չի դիմում

Նախագահի ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին. Հայրիկյանը ՍԴ չի դիմում

Հայաստանում նախագահական ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին, քանի որ ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը որոշում է կայացրել չդիմել Սահմանադրական դատարան՝ դրանք հետաձգելու պահանջով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ թեև անհաղթահարելի խոչընդոտ առաջացել է, Հայրիկյանը նոր ընտրությունները բացառում է: Ինքը՝ Հայրիկյանը, «հիմարություն» է անվանել այն ասեկոսեները, թե իր այս որոշումը կարող է գործարքի արդյունք լինել։

Ավելի վաղ Հայրիկյանը հնարավոր էր համարել ընտրությունները երկու շաբաթով հետաձգելը, սակայն ասել, որ «իրենք են արդեն որոշումը կայացրել, բայց վերջնականը ես պետք է ասեմ»:

Նշենք, որ համաձայն 52-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում՝ ընտրությունները պետք է հետաձգվեն երկշաբաթյա ժամկետով, իսկ անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում՝ պետք է նոր ընտրություն նշանակվի՝ նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը: