Home / Հայաստան / Հայաստանում ՀԿ-ներն ու ՄԻՊ գրասենյակը խտրականության դեմ օրենք են մշակել

Հայաստանում ՀԿ-ներն ու ՄԻՊ գրասենյակը խտրականության դեմ օրենք են մշակել

Խտրականության դեմ օրենքի մշակման անհրաժեշտությունը Հայաստանում ընդգծում են տարբեր իրավապաշտպաններ. երկու կազմակերպություններ՝ իրարից անկախ, դեռ նախորդ տարվա ամառվանից սկսել են աշխատանքներ տանել նման օրենք մշակելու ուղղությամբ: Դեռ աշնանը խտրականության օրենքի մասին առաջին քննարկում էր նախաձեռնել «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն (PINK), որի ընթացքում պարզվել է, որ նման օրենք պատրաստում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Հաշմանդամություն ունեցող անձանց ու փոքրամասնությունների հարցերով ՄԻ պաշտպանի խորհրդատու Տաթևիկ Խաչատրյանը խտրականության օրենքի մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ օրենքն անհրաժեշտ է, քանի որ առայժմ խտրականությունը հաշվի է առնվում մի շարք օրենքներով որպես ծանրացուցիչ հանգամանք, մինչդեռ նոր օրենքը առանձին պատիժ է սահմանում հենց խտրականության համար: Օրենքը սահմանում է՝ ինչ է խտրականություն, ինչ վարչական պատիժ է սահմանում և ինչ փոփոխություններ է նախատեսում քրեական և քաղաքացիական այլ օրենքներում:

Օրենքով ՄԻՊ գրասենյակը դառնում է նաև խտրականության կանխարգելման ազգային կենտրոն: Խաչատրյանը պարզաբանել է, որ գրասենյակն օրենքի ընդունումից հետո կարող է քննել նաև խտրականությանն առնչվող բողոքները՝ ոչ միայն պետական կառույցների, այլև այլ իրավաբանական և ֆիզիկական անձնաց դեմ բողոքներ:

Հասարակական կազմակերպությունները որոշել են աշխատանքային խումբ ստեղծել՝ նախագիծը ուսումնասիրելու, խորհուրդներ մշակելու համար: Խումբը ստեղծելու համար PINK-ը նախաձեռնել էր երկօրյա քննարկում: Այս մասին Erpess.am-ի հետ զրույցում այս մասին ասել է PINK-ի նախագահ Մամիկոն  Հովսեփյանը: Աղվերանում հունվարի 29-30-ին կայացած հանդիպմանը մասնակցել են տարբեր տիպի խտրական վերաբերմունքի արժանացող խմբերի՝ կրոնական, սեռական փոքրամասնությունների, կանանց, երեխաների, հաշմանդամների հիմինախնդիրներով զբաղվող ՀԿ-ներ, ինչպես նաև մարդու իրավունքներով զբաղվող ՀԿ-ներ: Հովսեփյանի խոսքով՝ իրավաբաններից, փաստաբաններից կազմված խումբը պետք է ուսումնասիրի նախագիծը և շտկումների առաջարկներ անի՝ օրենքը իդեալական տեսքի բերելու համար, որպեսզի այն չարժանանա Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծին, այսինքն՝ չմերժվի կառավարության կողմից: