Home / Հայաստան / «Հանուն երեխաների». Նախագահականի մոտ պահանջում են փակել ոսկու ձուլարանը (ՖՈՏՈ)

«Հանուն երեխաների». Նախագահականի մոտ պահանջում են փակել ոսկու ձուլարանը (ՖՈՏՈ)

Այս պահին նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի մի քանի տասնյակ բնակիչներ՝ պահանջելով չեղյալ համարել իրենց գյուղում ոսկու ձուլարան բացելու մասին որոշումը: Բողոքողները ձեռքում պաստառներ էին պահել. մեկի վրա պատկերված էր ՀՀ Սերժ Սարգսյանի նախընտրական պաստառը՝ «Փրկիր Մեղրաձորը» գրությամբ: Մեկ այլ պաստառի վրա գրված էր «Հանուն մեր երեխաների», մյուսի վրա՝ «Ոչ ցիանիդին»:

Բնակիչները Epress.am-ին հայտնել են, որ իրենց հարկավոր չեն ձուլարանի գործարկման արդյունքում ստեղծվելիք աշխատատեղերը, քանի որ իրենց երեխաների առողջությունը, գյուղի բնությունն ավելի թանկ են գնահատում:

Գյուղի բնակիչների խոսքով՝ իրենք հաշտվել են Մեղրաձորի հարևանությամբ գործող ոսկու հանքի գոյության հետ, սակայն այժմ ենթադրվում է, որ ոսկին տեղում պետք է վերամշակվի, իսկ դա արվում է ցիանիդի օգտագործմամբ՝ աղտոտելով օդը:

Գյուղացիները նախագահական գալուց առաջ փորձել են խնդիրը լուծել տեղում՝ գյուղապետ, ՀՀԿ-ական Կառլեն Հովհաննիսյանի հետ բանացկելու միջոցով, սակայն հաջողության չեն հասել: Այն հարցին, թե արդյոք որոշումը կայացնելուց առաջ համայնքում անցկացվել են հանրային լսումներ՝ գյուղացիները պատասխանել են, որ «համենայնդեպս գյուղում չի իմացվել, որ լսում եղել է»:  Մեղրաձորցիները մի գիշերվա մեջ ստորագրահավաք էին անցկացրել և հավաքել մոտ 850 ստորագրություն՝ ձուլարանի շահագործման դեմ:

«Դեռ հանքի մոտ 200 աշխատողներին թույլ չենք տվել ստորագրել, որ աշխատանքի վայրում խնդիրներ չունենան: Մեր գյուղում կա 6-7  ամառային ճամբարներ երեխաների համար, մի 500 մետր այն վայրից, որտեղ ձուլարան են ուզում սարքեն: Էլ չասեմ, որ Ծաղկաձորը, Հանքավանը մի 6 կիլոմետրի վրա են»,- Epress.am-ին ասել է մեղրաձորցիներից մեկը:

Բնապահպան Ինգա Զառաֆյանը Epress.am-ին հայտնել է, որ հանրային լսումներն անցկացվել են, սակայն դրանց գյուղացիներից մի քանիսն են մասնակցել, հավաքը վարել է ոչ թե գյուղապետը, այլ  «Մեղրաձոր գոլդ» ընկերության նախագահ Վարդան Մարգարյանը: Զառաֆյանը նաև դատապարտել է ընկերության նախաձեռնությունը ստիպել  հանքում աշխատողներին գյուղացիներին հակընդդեմ ստորագրահավաք անել՝ հաստատելով, որ կողմ են ձուլարանի շահագործմանը:

Ի դեպ, բնապահպանների խոսքով, նախագիծը Առողջապահության նախարարություն նույնիսկ չեն ուղարկել, թեպետ «Շրջակա միջավայրի վրա ազդցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` առողջության համար ազդեցության գնահատումը պարտադիր է:

Մեղրաձորցիների բնակիչներից մեկը՝ Սամվել Մկրտչյանը, հայտնել է, որ մեղրաձորցիների 70%-ն արտերկրում է աշխատում, իսկ եթե ձուլարանը բացվի, էլ ավելի շատ մարդիկ կհեռանան:

12:20-ին նախագահականի վերահսկողության ծառայությունից Մինասյանին և ևս 4 գյուղացիների ուղեկցել են նամակների և ընդունելության բաժին բողոքը ներակայացնելու համար: