Home / Հայաստան / Զուրաբյանը ներկայացրել է ՀԱԿ-ի դիրքորոշումը. Մակեյանը Կոնգրեսի նիստին չկար

Զուրաբյանը ներկայացրել է ՀԱԿ-ի դիրքորոշումը. Մակեյանը Կոնգրեսի նիստին չկար

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստին ներկա չի եղել ՀԱԿ-ի մաս կազմող  «Ժողովրդավարական հայրնեիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կամ նրա կուսակցության որևէ անդամ: Նշենք, որ վերջին օրերին մամուլում Մակեյանը պարբերաբար քննադատում էր Կոնգրեսը՝ նշելով, որ այդ քաղաքական կառույցը գտնվում է ճգնաժամի մեջ, իսկ կուսակցության որոշ ներկայացուցիչներ ընդգծում էին, որ համաձայն չեն նրա հետ: Կուսակցությունը քաղխորհրդի նիստ էր անցկացրել, որին ներկա չէին եղել մի քանի անդամներ, և որոշում կայացրել առաջարկներով ներկայանալ Կոնգրեսի նիստին: Համաձայն մամուլում տարածված տեղեկությունների, դրանցից մեկը ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հրաժարականի մասին առաջարկն էր: Փաստորեն« այսօրվա նիստին Մակեյանի կուսակցության հետ կապված որևէ հարց չի քննարկվել նրա բացակայության պատճառով:

Մակեյանն իրեն զանգահարած լրագրողներին ասել է, որ թաղման արարողության է մասնակցում և այդ պատճառով չի կարողացել ներկայանալ ՀԱԿ-ի նիստին, սակայն այդ նույն թաղման արարողությանը մասնակցել են նաև Լևոն Զուրաբյանը և քաղխորհրդի նիստի մի քանի այլ մասնակիցներ ևս, որոնք, սակայն, քաղխորհրդին ներկա էին:

Նիստից հետո Լևոն Զուրաբյանը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնց  հետաքրքրել է՝ արդյոք Մակեյանն իր առաջարկը ներկայացրել է Կոնգրեսին: Ի պատասխան Լևոն Զուրաբյանն ասել է, որ ցանկացած  կուսակցություն, որը ՀԱԿ-ի անդամ է, հնարավորություն ունի գալ, մասնակցել կառույցի աշխատանքերին, բարձրացնել հարցեր և այդ հարցերը կքննարկվեն:

«Շատ դեմոկրատական է մեզ մոտ այդ ընթացակարգը, ցանկացած հարց մենք ընդունում ենք քննարկման: Հիմա՝ ինչ հարց բարձրացրել են կուսակցությունները, մենք այդ հարցերը քննարկել ենք, և ոչ ոք կաշկանդված չի որևէ հարց բարձրացելու: Բոլորն էլ տեղյակ են նիստերի մասին, բոլորն էլ գիտեն մեր ընթացակարգերի մասին և կարող են գալ, մասնակցել: Կոնգրեսը շատ աշխատանքային վիճակում է, շատ մարտական վիճակում է, մարտական տրամադրված: Երեկ մենք մեր տարածքային կառույցների ղեկավարներին բոլորին կանչել ենք, հստակ ներկայացրել ենք քաղաքական իրավիճակը, հստակ ներկայացրել ենք մեր անելիքները, նաև տեղերից կապ են ապահովել, ստացել ենք ինֆորմացիան ժողովրդի տրամադրությունների մասին: Մենք շարունակում են մեր պայքարը, Տեր-Պետրոսյանը շարունակում է լինել Հայ Ազգային Կոնգրեսի լիդերը, և մենք շատ հստակ մոտեցումներ ունենք, թե ինչպես ենք պայքարելու Հայաստանում սահմանադրական կարգի և ժողովրդավարության  վերականգնման համար: Պայքարը շարունակվում է, և դա լինեու է  հաղթական պայքար»,- ասել է Լևոն Զուրաբյանը:

Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե ինչու է Մակեյանը որոշել առաջիկա նախագահական ընտրություններում սատարել Հրանտ Բագրատյանին, երբ Կոնգրեսը հայտարարել էր, որ չի սատարելու որևէ մեկի թեկնածությունը:

Զուրաբյանը պատասխանել է, որ ինքը տեղյակ չէ դրանից, որովհետև «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նրա ներկայացուցիչը՝  փոխնախագահը, մասնակցել է նախավերջին նիստին, որտեղ ընդունվել է կոնսենսուսային որոշում՝ չմասնակցել և որևէ թեկնածուի չպաշտպանել:

«Եվ  կոնկրետ այդ կուսակցության ներկայացուցիչը պաշտոնապես միացել է այդ որոշմանը: Հիմա ինչ ունենք «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունից, այն էլ ունենք»,- հավելել է ՀԱԿ համակարգողը:

Խոսելով նաև առաջիկա նախագահական ընտրությունների մասին՝ Լևոն Զուրաբյանն ասել է, որ այս ընտրություններն իրենք համարում են ֆարս:

«Ստեղծված է մի ընտրակեծղարար մեքենա, կես միլիոնից ավելի ձայն  կեղծելու մեքենա է,  ընտրակաշառքի, բազմակի քվեարկության: Նման պայմաններում Կոնգրեսը, ինչպես նաև այլ քաղաքական ուժեր, որոշում են ընդունել չմասնակցել այս ընտրություններին: Այս ընտրությունները մրցակցային ընտրություններ չեն, արդար ընտրություններ չեն, նման ընտրություններին մասնացել ուղղակի չի կարելի: Իհարկե, հնարավոր կլիներ մասնակցել ընտրություններին, մենք ունեցել ենք այդ փորձը՝ անգամ ընտրակեղծարարության պայմաններում, եթե լիներ իսկապես մի հաղթական տարբերակ, որով մենք կարողանայինք գնալ և ջարդել ընտրակեղծարարության մեքենան: Այսօրվա պայմաններում մենք չենք տեսնում դա, և մենք, համարելով այս ընտրությունները ֆարս, որոշում ենք ընդունել դեռ դեկտեմբերին, որոշումն էլ հրապարակել ենք:

Որովհետև որևէ մասնակցություն, կամ պաշտպանություն միայն կլեգիտիմացնի այն ապօրինությունը, այն ընտրակեղծարարությունը, որը նախագծել են իշխանությունները», – հավելել է Լևոն Զուրաբյանը: