Home / Հայաստան / «Խաչիկյանի գործով» 8300 մարդ է հարցաքննվել, 13 մարդ կալանավորված է

«Խաչիկյանի գործով» 8300 մարդ է հարցաքննվել, 13 մարդ կալանավորված է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար, պատասխանատու աշխատակիցների կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով  կատարված նախաքննության ընթացքում 2013 թ. հունվարի 8-ի դրությամբ հարցաքննվել են 8300 անձիք, այդ թվում` ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության և այդ ծառայության ստորաբաժանումների աշխատակիցներ, կենսաթոշակառուներ, վերջիններիս հարազատներ ու հարևաններ:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը:

Հիշեցնենք, որ նշած գործով 2012 սեպտեմբերին ՀՀ ոստիկանությունը ձերբակալել էր ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին:

Նույն հոդվածներով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են նաև վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանը և կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը:

Խաչիկյանի դեմ քրեական գործ էր հարուցվել այն բանից հետո, երբ պարզվել էր, որ նա հազարավոր «մեռյալ հոգիների»՝ գոյություն չունեցող, բայց փաստաթղթերում առկա և փաստացի թոշակ ստացող մարդկանց գումարներն է յուրացրել:

Ոստիկանության փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել են 53 անձինք: Նրանցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը կազմում է 376.716.903 դրամ, որից վերականգնվել է 51.773.902 ՀՀ դրամը:

Մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել 9 քրեական գործեր 28 անձանց վերաբերյալ:

3 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներման ակտի կիրառման հիմքով, իսկ 4 անձի նկատմամբ` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրանալու հիմքով: