Home / Հայաստան / Կառավարությանը «տղա են բերել». ՀՀԿ-ն կոչ է անում չքաղաքականացնել

Կառավարությանը «տղա են բերել». ՀՀԿ-ն կոչ է անում չքաղաքականացնել

Այսօր Ազգային ժողովում՝ ՀՀ կառավարության կողմից հրավիրած արտահերթ նիստի ժամանակ, քննարկվել է էթիկայի հանձնաժողովի ձևավորման հարցը: Օրենքի նախագիծը ներկայացրել են Հանրապետական կուսակցության պատգամավորներ Դավիթ Հարությունյանը և Արփինե Հովհաննիսյանը, ովքեր ցանկանում են ավելացնել էթիկայի հանձնաժողովում ՀՀԿ-ականների թիվը: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավորները նախագիծը ներկայացրել էին Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Հարությունյանի վիճաբանությունից հետո:

Արփինե Հովհաննիսյանի ելույթից հետո ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի պատգամավորները սուր քննադատության են ենթարկել ՀՀԿ-ականների նախագիծը: Ընդդիմադիր խմբակցությունների դժգոհությունն է առաջացրել այն փաստը, որ ՀՀԿ-ն ցանկանում է ընդդիմադիր 3 կուսակցությունների և իրեն այլընտրանք համարող ԲՀԿ-ի հետ հավասար թվով անդամներ ունենալ հանձնաժողովում:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կոչ է արել «չնեղել Արփինե Հովհաննիսյանին» և «բովանդակային հարցեր տալ»:

ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, իր հերթին, կոչ է արել Հովիկ Աբրհամյանին չխանգարել ելույթներին, որից հետո Աբրահամյանի և Հովհաննիսյանի միջև լեզվակռիվ է սկսվել: ՀՅԴ-ականը խոստացել է ելույթ ունենալ և բացատրել, թե ինքն ինչ նկատի ունի, իսկ Աբրահամյանը հարցրել է. «Ահաբեկո՞ւմ եք»:

«Այո, ահաբեկում եմ», – հայտարարել է Հովհաննիսյանը:

«Ես գիտեմ, որ դուք ահաբեկում եք, միշտ էլ ահաբեկել եք», – իր հերթին, պատասխանել է ՀՀ ԱԺ նախագահը:

Հովհաննիսյանը հակադարձել է, թե «ահաբեկել ենք, բայց ոչ Ձեզ, ուրիշներին ենք ահաբեկել»:

Այդ պահին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը տեղից ասել է. «Խոստովանեցիր, Վահան»:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը ԱԺ-ից, քննարկումները թեժ են եղել նաև ընդմիջումից հետո:

«Հանրապետական կուսակցության արձագանքը 83 պատգամավորների նկատմամբ քննություն սկսելու մասին կայծակնային է: Կառավարությունը, այսպիսով, միջամտում է ԱԺ-ի ներքին կանոնակարգային հարցի քննարկմանը: ՀՀԿ-ն կառավարությանը տղա է բերել Էթիկայի հանձնաժողովի վրա, որովհետև իրեն այդքան էլ ապահով չի զգում Ազգային ժողովում: Ընդ որում, արձանագրենք, որ միակ մարմինը, որտեղ նախագիծը քննարկվել է և դրական եզրակացություն է տրվել՝ դա կառավարությունն է: Խորհրդարանում, որևէ հանձնաժողովում այդ նախագիծը չի քննարկվել», – ասել է Փաշինյանը:

ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը խոսք է խնդրել և կոչ է արել չքաղաքականացնել հարցը: Նա հիշեցրել է երեկ համացանցում տարածված Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի միջև գաղտնալսված զրույցի այն հատվածը, որտեղ Զուրաբյանն ասում է, որ ՀԱԿ-ի թեկնածուի համար ամոթ չի լինի հավաքել 7-10 տոկոս, եթե դա Լևոն Տեր-Պետրոսյանը չի: Շարմազանովի խոսքով՝ դա նյարդայնացրել է Փաշինյանին:

Իր հերթին, ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ ներկայացված նախագիծը հակաժողովրդական է, իսկ Դավիթ Հարությունյանի պահվածքն ինքնին պետք է էթիկայի հանձնաժողովի քննության առարկա դառնա, քանի որ վերջինս դուրս է եկել նիստից և հայտարարել, որ այն անօրինական է:

«Դուք որևէ առնչություն չունեք ժողովրդավարության հետ», – ասել է Մինասյանը՝ դիմելով ՀՀԿ-ականներին:

Այդ պահին ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը (Epress.am-ի լրագրողն իր տեղից չի կարողացել տեսնել, թե ով է դա եղել) ռեպլիկ է բաց թողել, որին ի պատասխան՝ Մինասյանը ասել է. «Բան ունեք ասելու, եկեք ստեղից ասեք, ռեպլիկներ բաց մի թողեք»:

«Կգամ, կասեմ» արտահայտությանը՝ Մինասյանը պատասխանել է. «Արի, ասա»:

Պատգամավորներին կոչ են արել հանգստանալ, որից հետո ՀՀԿ-ական փոխոսնակ Հերմինե Նաղդալյանը կրկին կոչ է արել հարցը չքաղաքականացնել:

Այս պահին նիստը շարունակվում է: