Home / Հայաստան / «Հաղորդում հանցագործության մասին». Թեղուտի հանքավայրն առանց թույլտվության է շահագործվում. ակտիվիստներ

«Հաղորդում հանցագործության մասին». Թեղուտի հանքավայրն առանց թույլտվության է շահագործվում. ակտիվիստներ

Ավելի քան 2 տարի Թեղուտի հանքավայրը շահագործվում է առանց թույլտվության: Այս մասին ասված է Թեղութի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության կողմից տարածած հայտարարության մեջ:

Բնապահպանները նշում են, որ  2010 թվականի հուլիսի 10-ին «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ընկերությունը դիմել է միջազգային հեղինակավոր «Environmental Resource Management»՝ ERM կազմակերպությանը, որպեսզի վերջինս իրականացնի Թեղուտի հանքավայրի շահագործման համար կազմված նախագծային փաստաթղթերի վերագնահատում:

«ERM-ի իրականացրած վերագնահատման արդյունքներով բացահայտվել են ոչ միայն 2006 թվականին ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի կողմից հաստատված ՇՄԱԳ-ի փորձաքննական դրական եզրակացության մութ կողմերը, այլև պարզ է դարձել, որ ներկայումս հանքավայրը շահագործվում է միանգամայն նոր՝ 2010 թվականին կազմված նախագծով, որը մշակվել է միջազգային «Ստարտկոնա», «Միկրոմայն» և «Կավոշգարեն» խորհրդատվական կազմակերպությունների օգնությամբ: 2010թ. նախագիծը չի անցել օրենքով սահմանված ընթացակարգերը և չի ենթարկվել բնապահպանական փորձաքննության: Այլ կերպ ասած՝ Թեղուտի հանքավայրի շահագործումն իրականացվում է առանց փորձաքննության ենթարկվելու:

Հաջորդիվ կներկայացվի առավել մանրամասն տեղեկատվություն ERM-ի կողմից վեր հանված փաստերի վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք մեր ունեցած մի քանի կետեր, որոնք վկայում են Թեղուտի հանքավայրի շահագործման անօրինականության մասին:

–  2010 թվականի նախագծով փոփոխության են ենթարկվել բացահանքի տրամագծերը և խորությունը: Մասնավորապես, 2006 թվականի նախագծով բացահանքի խորությունը նախատեսված էր 432 մետր, մինչդեռ նոր՝ 2010 թվականի նախագծով բացահանքի խորությունը կազմելու է 890 մետր: ERM-ի գնահատման համաձայն, 890 մետր խորությունը ծովի մակարդակից ցածր է (հիմք է ընդունվել Բալթիկ ծովի մակարդակը): Այնուհանդերձ, հանքավայրի շահագործման նախագծում բացակայում են Բալթիկ ծովի մակարդակից ավելի խորը հորատում իրականացնելու համար անհրաժեշտ մեթոդների, ինչպես նաև հանքավայրի ընդլայնման համար պահանջվող լրացուցիչ հողային ռեսուրսների վերաբերյալ բավարար տվյալները և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը:

– 2006 թվականի նախագծի համաձայն մակաբացման աշխատանքների ընթացքում արտադրվելու էր 100,000,000-120,000,000 տոննա մակաբացման ապարներ, որը հավասար է 86,000,000 խորանարդ մետրի: Մակաբացման ապարների քանակի ավելացման վերաբերյալ նոր նախագծում բավարար չափով տեղեկատվություն ներկայացված չէ:

–  Մակաբացման ապարները տեղադրելու համար  նախատեսված տարածքը կազմում էր 107.4 հեկտար: Նոր նախագծով՝ այդ տարածքը պետք է կազմի 162 հեկտար տարածք: Մակաբացման ապարները տեղադրելու համար նախատեսվում է ևս 30 հեկտար տարածք ձեռք բրել: Այսպիսով, նոր նախագծով բացահանքի ընդլայնման արդյունքում մակաբացման ապարների քանակն ավելանալու է, որոնց տեղադրման համար 2010 թվականի նախագծի համաձայն պահանջվելու են նոր տարածքներ:

– 2006 թվականի նախագծով հանքարդյունաբերական թափոնները տեղադրելու համար նախատեսված էր 214 հեկտար տարածք, որտեղ պետք է լցվեին 173,00,000 խորանարդ մետր պոչանք (թունավոր թափոններ): Սակայն 2010 թվականի նախագծով պոչանքի համար անհրաժեշտ տարածքը պետք է կազմի 250-280 հեկտար, քանի որ ավելացվելու են շահագործման ծավալները:

–  Նոր նախագծով փոփոխվել են հանքավայրի շահագործման բոլոր չափորոշիչները՝ հանքաքարի ծավալների մասին տվյալները, շահագործման տեխնիկական ցուցանիշները, լցակույտերի, հարստացման ֆաբրիկայի տեղադիրքերը, անտառահատումների ծավալները և այլն:

–  Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է.Փիրումյանի կողմից ստացված գրության համաձայն՝ «Թեղուտի հանքավայրի շահագործման համար 2010 թ. փոփոխված նախագիծը չի ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության»: Նույն գրությամբ տեղեկացվել է նաև, որ Թեղուտի հանքավայրում ՀՀ բնապահպանության նախարարության  աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից տեսչական ստուգումներ չեն իրականացվել», – նշված է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակներն ընդգծում են, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (ՇՄԱՓ օրենք) համաձայն, արգելվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ենթակա նախատեսվող գործունեության իրականացում առանց դրական փորձաքննական եզրակացության:

«ՇՄԱՓ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն լիազորված մարմինը (բնապահպանության նախարարությունը) կարող է վերանայել կամ չեղյալ համարել փորձաքննական եզրակացությունը, եթե փորձաքննական եզրակացություն տալուց հետո ի հայտ են եկել էկոլոգիական նոր գործոններ: Տվյալ դեպքում, 2006 թվականին ներկայացված և հաստատված նախագծի համեմատ ամբողջությամբ փոփոխվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության ստիճանը, ընդլայնվել են շահագործման ծավալները:

Այսպիսով, ավելի քան 2 տարի է Թեղուտի հանքավայրը շահագործվում է առանց թույլտվության՝ Հայաստանի Հանրապետությանը, Թեղուտ և Շնող համայնքներին և համայնքի բնակիչներին պատճառելով առանձնապես խոշոր ծավալների նյութական վնասներ: Գտնում ենք, որ պետական պատասխանատու մարմինների և հանքավայրը շահագործող ընկերության ղեկավարության գործողություններում առկա են քրեական հանցագործության հատկանիշներ:

ա/ Մասնավորապես, «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ բնապահպանական պետական տեսչության պարտավորություններն են՝

– արձանագրել բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերը և իր իրավասության սահմաններում տալ համապատասխան ընթացք.

– բնապահպանական օրենսդրության խախտում հայտնաբերելիս օրենքով սահմանված դեպքերում և կարգով անցկացնել քննություն.

– հանցագործության հատկանիշներով բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերի մասին իրազեկել իրավապահ մարմիններին:

Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է.Փիրումյանից ստացված գրությունից հետևում է, որ բնապահպանական պետական տեսչությունը չի կատարել իր վրա դրված պարտականությունները: Մեր գնահատմամբ, պետական պատասխանատու պաշտոնյաների արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով (պաշտոնեական անփութությունը) նախատեսված հանցագործության հատկանիշներ: Պաշտոնատար անձանց կողմից բացարձակ անտարբերությունը զուգորդվում է նաև բարձր կոռուպցիոն ռիսկերով, ինչը ևս պետք է լինի իրավապահ մարմինների քննության առարկա:

բ/ ՇՄԱՓ օրենքի 19-րդ հոդվածի իմաստով, հանքավայրը շահագործող ընկերությունը պատասխանատու է՝

փորձաքննության ներկայացվող նյութերի ամբողջականության, ինչպես նաև անհրաժեշտ լրացուցիչ նյութերի և փաստաթղթերի ներկայացման,

փորձաքննական եզրակացության պահանջների կատարման,

նախատեսվող գործունեությունը կամ հայեցակարգը հասարակայնությանը ներկայացնելու համար:

Մեր գնահատմամբ, Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերության պատասխանատու անձանց գործողություններում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսված հանցագործության (ապօրինի ձեռնարկատիրություն) հատկանիշներ, քանի որ 2010 թվականից սկսած Թեղուտի հանքավայրի շահագործումն իրականացվում է առանց օրենքով սահմանված կարգով հաստատված լիցենզիայի, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածով (աշխատանքներ իրականացնելիս շրջակա միջավայրի պահպանության կանոնները խախտելը), քանի որ աշխատանքները տարվում են 2006 թվականին հաստատված փորձաքննական եզրակացությամբ նախատեսված՝ շրջակա միջավայրի պահպանության կանոնների էական խախտմամբ», – ընդգծում են ակտիվիստները:

Եզրափակելով հայտարարությունը՝ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները նշում են, որ ներկայացված փաստաթուղթը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, որին պետք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ընթացք տրվի: Ակտիվիստները պատրաստվում են բոլոր կից փաստաթղթերը և հիմնավորումները ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազությանը և Հատուկ քննչական ծառայությանը: