Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. Սկանդալային դասագրքի համահեղինակին առաջարկել են վկայություն տալ Մարտի 1-ի գործով

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. Սկանդալային դասագրքի համահեղինակին առաջարկել են վկայություն տալ Մարտի 1-ի գործով

2008 թվականի մարտի 1-ին զոհվածների հարազատներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել ԵՊՀ պատմության ֆակուլտետի մոտ՝ Աբովյան փողոցի վրա:

Նրանք հանդիպում են պահանջել պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հետ, ով սկանդալային պատմության դասագրքի համահեղինակներից է:

Ծնողների խոսքով՝ այդ դասագրքում խեղաթյուրված են ներկայացվում մարտի 1-ի իրադարձությունները:

ԵՊՀ ռեկտորի օգնական, ՀՀԿ ներկայացուցիչ Գևորգ Մելքոնյանը ծնողներին ամեն կերպ փորձում էր համոզել, որ դեկանն իրենց կընդունի, սակայն առանց լրագրողների: Ծնողներն էլ պնդում էին, որ իրենք առանց լրագրողների չեն ցանկանում հանդիպել դեկանին՝ նշելով, որ «ինչպես հայոց պատմությունն են կեղծում, այնպես էլ իրենց զրույցը կկեղծեն»:

Ծնողները, երկար ժամանակ մնալով պատմության ֆակուլտետի շենքի մոտ և տեսնելով, որ դեկանը, այնուամենյանիվ, չի ցանկանում ընդունել իրենց, Գևորգ Մելքոնյանին հանձնեցին «Մարտի 1» հասարակական կազմակերպության հայտարարությունը և Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարուն ֆիլմը», որպեսզի նա հանձնի Էդիկ Մինասյանին:

Նշենք նաև, որ մինչև զոհերի ծնողների գալը, պատմության ֆակուլտետի շենքը շրջափակված էր ոստիկաններով, իսկ ուսանողներին արգելում էին գլխավոր մուտքից ել ու մուտ անել, որպեսզի նրանք չհանդիպեն բողոքողներին:

Զոհերի ծնողները չէին թաքցնում իրենց վրդովմունքը դասագրքում զետեղված մի շարք հատվածների վերաբերյալ: Մասնավորապես, դասագրքում նշվել է, որ այդ օրը տեղի է ունեցել երկուստեք փոխհրաձգություն, ինչը, ծնողների պնդմամբ, չի նշվել անգամ իրավապահ մարմինների կողմից: Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը նշել է, որ եթե Էդիկ Մինասյանն այնպիսի փաստեր է հրապարակել, որ նույնիսկ նախաքննությանը հայտնի չեն, ապա թող մարտի 1-ի գործով որպես վկա հանդես գա:

Ակցիայի ընթացքում զոհերից մեկի՝ Գոռ Քլոյանի մայրը՝ Ազատուհի Քլոյանը, ոստիկաններին դիմելով՝ հեգնեց. «Շնորհակալություն, որ մեզ պաշտպանեցիք»:

Մարտի 1-ին զոհված Արմեն Ֆարմանյանի հայրն էլ՝ Վաչագան Ֆարմանյանը, դիմելով Գևորգ Մելքոնյանին, նշել է, որ իր որդիներից մեկը զոհվել է Ղարաբաղյան պատերազմում, «իսկ դու հիմի կանգնում ես, ասում ես՝ պատմություն ա գրել, ի՞նչ պատմություն ա գրել»:

Ծնողները զայրացած էին, որ իրենց որդիների հանրահավաքներին մասնակցելու դրդապատճառը խեղաթյուրված է ներկայացվել: Դասագրքում, մասնավորապես, նշված է, որ «կոպտորեն մերժելով ընտրությունների արդյունքները` ընդդիմության արմատական թևը, իշխանությունների ամենաթողության պայմաններում արհամարհանքով խախտելով օրենքով սահմանված կարգը, փետրվարի 20-ից Երևանում սկսեց հանրահավաքների շարքը», ինչպես նաև գրված է, թե մարտի 1-ին «անկարգությունների ղեկավարի և կազմակերպիչների կոչերով ամբոխը սկսել է ավերներ գործել»՝ ջարդելով շուրջ 1000 մեքենա, ավերելով «Մոսկվայի տունը», «Վիվասել» ընկերության շենքը»: Նշենք, որ նման ավերների մասին փաստեր չկան անգամ պաշտոնական դասագրքերում:

Ակցիային մասնակցում էր նաև ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով պահել էր մի պաստառ, որի վրա գրված էին տասը զոհերի կենսագրությունները, ինչպես նաև «Կիլերները գտնվում են ազատության մեջ» կարգախոսը:

Հիշեցնենք, որ պատմության դասագրքի հեղինակներից մեկը՝ ԵՊՀ պատմության դեկան Էդիկ Մինասյանը, վերջին օրերին մասնակցել էր «Հակահարված» արտ նախաձեռնության ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպին: