Home / Հայաստան / «Պռոշյանով, սոված-սոված». «Նաիրիտի» աշխատողները բողոքում են նախագահականի մոտ (թարմացվում է)

«Պռոշյանով, սոված-սոված». «Նաիրիտի» աշխատողները բողոքում են նախագահականի մոտ (թարմացվում է)

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները 10 ամիս է աշխատավարձ չեն ստացել: Նրանց ամեն ամիս ասել են, թե «վաղը կտանք, համբերեք, բանակցություններ են գնում» և այլն: Այս մասին նրանք պատմել են Epress.am-ի լրագրողի հետ զրույցում ՀՀ նախագահի նստավայրի դիմաց այս րոպեներին անցկացվող բողոքի ցույցի ժամանակ:

Ակցիայի մասնակիցները նշել են, որ «հույսները տնօրինությունից կորցրել են», այդ իսկ պատճառով դիմել են նման քայլի:

Ժամը 11:00-ի դրությամբ աշխատակիցների մի մասը նախագահական մոտ էր, մյուսները,  ինչպես հայտնել է ակցիայի մասնակիցներից մեկը, «Պռոշյանի խորովածանոցների մոտով գալիս են, սոված-սոված»:

Հավաքվածներից մի քանիսն ասել են, չեն ցանկանում իրենց անունները հնչեցնել՝ վախենալով, որ դա կարող է պատճառ դառնալ իրենց «պարտք-աշխատավարձները չտալու»:

Բողոքի մասնակիցների խոսքով՝  իրենց երկու երրորդը չի աշխատում, քանի որ գործարանը չի գործում, իսկ մեկ երրորդը ամեն օր աշխատանքի է գնում:

Նրանց խոսքով՝ աշխատակիցների աշխատավարձը 60-ից 120 հազար դրամ է, մինչդեռ գործադիր տնօրենը ստանում է 7 միլիոն դրամ, իսկ նրա տեղակալները՝ ավելի քան 2 միլիոն  դրամ աշխատավարձ:

Գործող տնօրենը Հովիկ Հովսեփյանն է, ով, ըստ ակցիայի մասնակիցների,  որոշող չէ: Նրանք պնդում են, որ գործարանը նման վիճակի է հասցրել նախկին տնօրեն և  փայատեր Վահան Մելքոնյանը:

Ժամը 11:10-ի դրությամբ ակցիայի մասնակիցներին հանդիպել է ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը, ով հայտնել է, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեղում է չէ և չի կարող հանդիպել ակցիայի մասնակիցներին: Սակայն նա երաշխավորել է, որ մեկ շաբաթվա ընթացքում «Նաիրիտի» աշխատակիցները կստանան մեկ ասմվա աշխատավարձը, իսկ դեկտեմբերին՝ ևս 2 ամսվա աշխատավարձ: Բողոքողները դժգոհ էին նման պատասխանից, նրանք առնվազն 6 ամսվա աշխատավարձ են պահանջում: Դրանից հետո Ասատրյանն ակցիայի 2 մասնակիցների հետ ուղևորվեց ՀՀ նախագահի նստավայր բանակցելու: