Home / Հայաստան / Ակտիվիստներին քաշքշած դեկանը չի պատժվի, որովհետև «ադեկվատ էր» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ակտիվիստներին քաշքշած դեկանը չի պատժվի, որովհետև «ադեկվատ էր» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՊՀ-ում երեկ տեղի ունեցած միջադեպի համար Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանին նկատողություն տալու կամ պաշտոնից հեռացնելու հարց չի քննարկվում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ԵՊՀ-ի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանը: Նրա խոսքով՝ Մինասյանը վարվել է 2007 թվականին համալսարանի ընդունած ներքին կանոնակարգի 70-րդ հոդվածի համաձայն և փորձել է թույլ չտալ դասապրոցեսին խանգարել:

Հիշեցնենք, որ երեկ «Հակահարված» ընդդիմադիր խմբի 5-6 անդամներ մտել են ԵՊՀ-ի՝ Աբովյան փողոցում գտնվող մասնաշենք և բարձրախոսով կոչ են արել ուսանողներին ճանաչել և կարողանալ պաշտպանել իրենց իրավունքները, որից հետո երիտասարդների և քաղաքացիական հագուստով մի խումբ երիտասարդների միջև քաշքշուկ է սկսվել, որին մասնակցել է նաև դեկանը:

«Պարոն Մինասյանը ուղղակի պարտավոր էր կարգի բերել երիտասարդներին: Իսկ դա անելիս չեմ կարծում, թե Մինասյանը ոչ ադեկվատ է եղել: Տղաներից մեկի կողմից անձնական վիրավորանք ստանալուց հետո է, որ նա երիտասարդներին դուրս է հրավիրել շենքից: Ես հորդորել եմ պարոն Մինասյանին՝ զրպարտության համար դատի տալ նրանց, ովքեր ասում են, թե նա ակցիայի մասնակիցներին ծեծել է»,- ասել է Գրիգորյանը:

Նա հավելել է, որ կողմ է ակցիաների իրականացմանը, սակայն կարծիք է հայտնել, որ երեկ «Հակահարված» արթ-խմբի ակցիան համալսարանում սադրանք կատարելու փորձ է եղել:

Հիշեցնենք, որ տղաներից երկուսը միջադեպից հետո գնացել են ոստիկանություն՝ բացատրություն տալու:

Տեսանյութը Youtube-ում տեղադրել է «Հակահարված» խումբը