Home / Հայաստան / Ինչու են ոստիկանները բերման ենթարկել «Հակահարվածի» ակտիվիստներին. մանրամասներ

Ինչու են ոստիկանները բերման ենթարկել «Հակահարվածի» ակտիվիստներին. մանրամասներ

Այսօր առավոտյան բերման ենթարկված «Հակահարված» խմբի ակտիվիստներ Թաթուլ Սարոյանն ու Արտակ Գևորգյանը ազատ են արձակվել և անմիջապես գնացել ՀՀ Վերաքննիչ դատարանի մոտ անցկացվող ակցիայի վայր:

Еpress.am-ի թղթակցի հետ զրույցում Թաթուլ Սարոյանը պատմել է, որ այսօր առավոտյան՝ ժամը 8.30-ի սահմաններում, Երևանի պետական համալսարանի մոտ գտնվող անցումում իրենք «Ոստիկանական բռնության տեսարան» պատկերող պաստառ են փակցրել, ինչից կես ժամ անց նկատել են, որ ոստիկանները պոկում են այն:

«Մենք մոտեցանք ու հարցրինք՝ «ինչո՞ւ եք պոկում», նրանք  էլ ասացին՝ «կեղտոտում եք»: Մենք ասացինք, որ սա ընդամենը արվեստ է, այնինչ շուրջը փակցված հայտարարություններն ավելի են կեղտոտում պատերը: Մենք նաև ասացինք, որ  գեղեցիկ բան ենք փակցրել, ու երբ փորձեցինք նորից պաստառը փակցնել պատին, ոստիկանները մեզ բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնի բաժին», – պատմել է Սարոյանը՝ հավելելով, որ իրենք սկզբում հրաժարվել են բաժին ներկայանալ՝ պատճառաբանելով, որ ոստիկանների արարքը օրինական չէ:

Սարոյանի խոսքով՝ փաստաբանի գալուց հետո միայն իրենք տեղեկացել են, որ իրենց նկատմամբ վարչական տուգանք է սահմանվել:

«Մեզ բաց են թողել, սակայն ոչինչ հայտնի չէ, ինչ-որ նյութեր են ուսումնասիրվում»,- եզրափակել է Սարոյանը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր նախաձեռնությունը բազմիցս բողոքի ակցիաներ է իրականացրել. նրանք ՀԱԿ ակտիվիտների դեմ ընդունված վճռի վերաքննիչ քննության մեկնարկից հետո Հյուսիսային պողոտայում տղաների նկարներն են փակցրել՝ «Հակահարված ռեժիմին» գրառումով:

Նախաձեռնության անդամները նաև ԱԺ դարպասներին են փակցրել Սերժ Սարգսյանի լուսանկարով և «Ճանաչիր թշնամուդ» գրությամբ պաստառը, որը, սակայն, հեռացվել է րոպեներ անց:

Հիշեցնենք, որ Թաթուլ Սարոյանը հեղափոխության թեմայով նկարներ է ներկայացրել նաև մի քանի ցուցահանդեսներում: «9 արտիստ+20 տարի» ցուցահանդեսում ներկայացրած իր գործը մեկնաբանելու Epress.am-ի խնդրանքին Թաթուլ Սարոյանը պատասխանել էր . «Ես արվեստ չեմ անում, ես հեղափոխություն եմ անում»: