Home / Հայաստան / ԱՄՆ-ում ավարտվել է Պզոյի խմբավորման գործի քննությունը. ևս մեկն իրեն մեղավոր ճանաչեց

ԱՄՆ-ում ավարտվել է Պզոյի խմբավորման գործի քննությունը. ևս մեկն իրեն մեղավոր ճանաչեց

ԱՄՆ-ում ավարտվել է 2010 թվականի հոկտեմբերին ձերբակալված հայկական հանցավոր խմբավորման գործի քննությունը: Խմբավորման ղեկավարն է Արմեն Ղազարյանը (կեղծանունը՝ Պզո), ով ամերիկյան Medicare պետական ապահովագրական համակարգից խաբեությամբ մոտ 163 միլիոն դոլար էր կորզել: Ղազարյանի խմբավորումը 118 կեղծ հիվանդանոց է գրանցել և դրանց կողմից տրված կեղծ տեղեկանքներով ապահովագրական գումարներ է վերցրել Medicare-ից:

Ինչպես հաղորդում է Նյու Յորքի Հարավային շրջանի դատարանի կայքը, անցյալ շաբաթ մեղադրյալներից մեկը՝ Դավիթ Միրզոյանը, իրեն մեղավոր է ճանաչել գումարների շորթման և խաբեության մեջ:

Միրզոյանը Ղազարյանի խմբավորման պարագլուխներից մեկն է: Ընդհանուր առմամբ, մեղադրանք է առաջադրվել 73 մարդու:

Խմբավորման պարագլուխներին՝ նույն Ղազարյանին և Միրզոյանին, դատարանի կողմից բոլոր մեղադրանքների հաստատման դեպքում ցմահ ազատազրկում է սպառնում:

Ղազարյանն իրեն վերագրվող հոդվածներից մեկով՝ դրամաշորթություն, անցյալ տարի դատապարտվել էր 37 ամսվա ազատազրկման: Մյուս հոդվածներով դատարանը դեռևս պետք է որոշում կայացնի: Ղազարյանն ամբողջությամբ ընդունել էր իր մեղքը անցյալ տարի, Միրզոյանը դա արել է նախորդ շաբաթ: Խմբավորման մեկ այլ պարագլուխ՝ Ռոբերտ Թերջանյանը, զեղծարարություններ իրականացնելու մեղադրանքով անցյալ տարվա դեկտեմբերին դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման: