2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ադրբեջանն ու Մեխիկոն վիճում են Ալիևի արձանի պատճառով. այն կարող են հանել

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի կառավարությունը երեկ հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը զբաղվելու է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի խնդրահարույց արձանի հարցով, գրում է Kiyv Post-ը:

Արձանը Մեխիկոյում տեղադրվել է հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի դեսպանատան կողմից: Դեսպանատունը Ալիևի քանդակը տեղադրելու դիմաց բարեկարգել է այն այգին, որտեղ արձանը տեղադրված է:

Բրոնզե արձանի տեղադրելուց հետո մի խումբ մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով այգուց հանել «բռնապետի արձանը»:

Այժմ քաղաքային իշխանությունները 3 գիտնականներից բաղկացած հանձնաժողով են ստեղծել, որը քննելու է ակցիայի մասնակիցների բողոքը:

Քաղաքային զարգացման բաժնի ղեկավար Ֆելիպե Լեալը նշել է, որ կոմիտեի անդամները քննելու են արձանի խնդիրն «անաչառ կերպով, քննադատական աչքով, որպեսզի որոշում կայացնեն առ այն, թե ինչ կարելի է անել այս պարագայում»:

Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանի քարտուղար Մանուել Լունան, իր հերթին, ասել է, որ քաղաքը խնդիրների առաջ կկանգնի, եթե որոշի այգուց հանել արձանը:

«Համաձայն կողմերի միջև ստորագրված համաձայնագրի, արձանը պետք է այգում մնա 99 տարի», - ասել է Լունան՝ ենթադրելով, որ խնդիրը «կարող է ազդել մեր դիվանագիտական հարաբերությունների վրա»:

Լեալն ընդունել է պայմանագրի առկայությունը, այնուամենայնիվ, հայտարարել է, որ «քաղաքը պետք է արձագանքի համայնքին անհանգստացնող հարցերին»:

Նրա խոսքով՝ հանձնաժողովն իր եզրակացությունը կտա մոտ երկու շաբաթվա ընթացքում, և հնարավոր է՝ «քաղաքային իշխանությունները վերանայեն նախագծին հավանություն տալու փաստը»:

Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովը նշել է, որ արձանը նպատակ չունի բարելավել ինչ-որ մեկի վարկը, քանի որ «Հեյդար Ալիևի անձի՝ համաշխարհային հանրության կողմից ընկալումը բարելավման կարիք չունի»:

Նշենք, որ Մեխիկոյում Ադրբեջանի դեսպանատունը ևս մեկ արձան է տեղադրել, որը նվիրված է Խոջալուի իրադարձություններին: Այս արձանի դեմ նույնպես բողոքում են. ակտիվիստները նշում են, որ լավ կլիներ, եթե քաղաքային իշխանություններն այդ արձանի փոխարեն Մեքսիկայում տարիների ընթացքում խոշտանգումների արդյունքում տանջամահ արված մարդկանց հիշատակին նվիրված քանդակ տեղադրեին: