Home / Հայաստան / Ճամփաները բաժանվեցին. «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատներն» այլևս միասին չեն

Ճամփաները բաժանվեցին. «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատներն» այլևս միասին չեն

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսուհետ որևէ ձևաչափով չի ներկայացնում «Ժառանգություն» կուսակցությունը: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Քոքոբելյանը, իր հերթին, նշել է, որ ինքը և «Ազատ դեմոկրատների» մեկ այլ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը այլևս ֆորմալ առումով ներկայացնելու են «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:

Նա նշել է, որ ինքը խմբակցության նիստի ժամանակ առաջարկել էր, որ խմբակցությունը ղեկավարի ոչ թե Ռուբեն Հակոբյանը, այլ Զարուհի Փոստանջյանը, սակայն առաջարկը չի ընդունվել:

Հիշեցնենք, որ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միջև խնդիրները ծագել են անցյալ ամիս, երբ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե Քոքոբելյանը խախտել է պայմանավորվածությունը և վայր չի դրել պատգամավորական մանդատը:

Ավելի ուշ երկու գործիչները հայտարարություններով էին հանդես եկել:

Նշենք, որ այսօր մանդատից հրաժարված Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն որպես «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ներկայացվել է անկուսակցական Թևան Պողոսյանը: Նա առայժմ դիրքորոշում չի հայտնել խմբակցությունում առկա պառակտման մասին: