Home / Հայաստան / Հանթսմանը դեռ կխոսի Օսկանյանի գործի մասին, խոստանում է փաստաբանը

Հանթսմանը դեռ կխոսի Օսկանյանի գործի մասին, խոստանում է փաստաբանը

Եթե կա քաղաքական պատվեր, իրավական պաշտպանության մեխանիզմներ մեր երկրում գոյություն չունեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ Օսկանյանը մեղադրվում է Ջոն Հանթսմանի հիմնադրամից ստացված գումարների յուրացման և լվացման մեջ:

«Դատարանն էլ է լինելու բեմադրություն, ինչպես հիմա նախաքննություն է»,- ասել է  Աթանեսյանը՝ ընդգծելով, որ քրեական գործի մասին ոչ մի կանխատեսում անել հնարավոր չէ, քանի որ գործի ելքը կախված է քաղաքական զարգացումներից:

Փաստաբանն առանձնացրել է նախաքննության փուլի երկու հիմնական թերությունները: Առաջինը՝ նախաքննության արդյուքնում պարզվել է, որ Օսկանյանը Հանթսմանի հիմնադրամից «Սիվիլիթասին» փոխանցած մոտ 2 միլիոն դոլարից 186 հազարն իր հաշվին է փոխանցել: Օսկանյանը նշում է, որ այդ գումարը փոխանցվել է «Սիվիլիթասի» համար տեխնիկա գնելու նպատակով: Այս առնչությամբ փաստաբանն ասել է, թե խնդիրն այն է, որ փաստորեն բանկային գաղտնիքը չի պահպանվել, այսինքն՝ ՀՀ բանկային համակարգը բաց է ԱԱԾ-ի համար:

Երկրորդ խնդիրն այն է, որ քննիչներին հանձնարարված է պարզել, թե որքան վնաս է հասցվել հիմնադրամին, մինչդեռ Աթանեսյանը նշել է, որ նման հարցով քննություն նշանակել չի կարելի:

Այն հարցին, թե ինչու Հանթսմանների ընտանքիը չի ցանկանում խոսել գործի մասին, Աթանեսյանը պատասխանել է.

«Հանթսմանների խոսքը կլինի ամպրոպի նման, այդ ժամանակն էլ կգա, համբերեք: Մեր տեղական այրերը պետք է հասկանան, որ նման ընտանիքի անունը այդքան հոլովել չի կարելի: Դա պատիվ չի բերում», – հայտարարել է Օսկանյանի փաստաբանը:

Նշենք, որ Հանրապետական կուսակցության անդամ Ջոն Հանթսման ավագը (լուսանկարում՝ աջից) ԱՄՆ-ում հայտնի գործարար և բարերար է: 70-ականներին և 80-ականներին զբաղվել է քաղաքականությամբ, պաշտոն է զբաղեցրել նախագահ Ռիչարդ Նիքսոնի վարչակազմում, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել է Ռոնալդ Ռեյգանի և Ջորջ Բուշ-ավագի նախընտրական արշավներին՝ զբաղեցնելով Յուտա նահանգում թեկնածուների շտաբի ղեկավարի պաշտոնը:

Նրա որդին՝ Ջոն Հանթսման կրտսերը քաղաքական գործիչ է (լուսանկարում՝ ձախից), Հանրապետական կուսակցության անդամ:

Լուսանկարը՝ AP