Home / Հայաստան / Համաձայն ԵԽԽՎ-ի, Տիգրան Առաքելյանն ամեն դեպքում քաղբանտարկյալ է. ակցիա

Համաձայն ԵԽԽՎ-ի, Տիգրան Առաքելյանն ամեն դեպքում քաղբանտարկյալ է. ակցիա

Այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև հերթական ուրբաթօրյա բողոքի ակցիան է անցկացվել, որի ընթացքում Հայ Ազգային Կոնգրեսի համակիրները պահանջել վերացնել հունիսի 20-ին Կոնգրեսի չորս ակտիվիստների նկատմամբ  հրապարակված դատավճռի բոլոր հետևանաքները:

Epress.am-ի հետ զրույցում ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը նշել է, որ իրենք նաև պահանջում են, որպեսզի չորս երիտասարդներն արդարացվեն, իսկ 6 տարի ազատազրկման դատապարված և բանտում գտնվող Տիգրան Առաքելյանն ազատ արձակվի: Մեկ այլ պահանջ է քրեական գործեր հարուցել բոլոր այն ոստիկանների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ, որոնք զբաղվել են շինծու գործով, ինչպես նաև խախտել են, թե երիտասարդների, թե նրանց փաստաբանների իրավունքները:

Գևորգյանը նաև անդրադարձել է երեք օր առաջ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևին, որը  կապված է «քաղբանտարկյալ» եզրի ձևակերպման հետ, ինչը ակտիվիստը շատ կարևոր է  համարում այն առումով, որ մինչ այդ «քաղբանտարկյալ» ձևակերպումը չի եղել Եվրախորհրդարանի բառապաշարի մեջ, իսկ այսօր «քաղբանտարկյալ» ասվածին շատ հստակ ձևակերպում է տրվել:

Գևորգյանը հիշեցրել է, որ ԵԽԽՎ-ի բանաձևում նշվում է՝ քաղբանտարկյալ է համարվում այն մարդը, ով ձերբակալվել է քաղաքական դրդապատճառներով և ում նկատմամբ կիրառվել է ոչ համաչափ պատիժ:

«Այսինք այն դեպքում անգամ, եթե իշխանություններն ասում են, որ երիտասարդները մեղավոր էին, բայց նրանց  դատավճռի հետ կապված անիրավաչափության խնդիր կա, նրանք քաղբանտարկյալ են: Իսկ մենք գիտենք, որ երիտասարդները ընդհանրապես ոչ մի հանցագործություն չեն գործել, բայց նաև այդ մեղմ ձևակերպման պարագայում  քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում այլևս նաև իշխանությունների համար, նաև իրավապահների համար պետք է որ անվիճելի լինի»,- ասել է ՀԱԿ-ի ակտիվիստը:

Նա նշել է, որ ՀՀ վերաքննիչ դատարանից, որտեղ պետք է քննվի ակտիվիստների բողոքը, իրենք մեծ ակնկալիք չունեն:

Գևորգյանի խոսքով՝ դատական նիստերը հնարավորինս ձգձգվելու են ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ ենթադրաբար հասարակական ուշադրությունը նվազեցնելու համար:

«Համենայնդեպս, ինչ-որ մեծ ակնկալիքներ՝ արդարացման, վերաքննիչ դատարանից չկան, քանի որ անգամ այդ դեպքում բոլորիս պարզ է՝ պետք է կայացվի քաղաքական որոշում: Անգամ երիտասարդնրին արդարացնելու համար Հայաստանում այսօր հարկավոր է  քաղաքական որոշում, ինչը վերաքննիչ դատարանից ամենևին կախված չէ»,- ասել է  Արեգ Գևորգյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտել է վեց տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3 տարի 5 ամիս 19 օրվա, Դավիթ Քիրամիջյանին` 2 տարվա, Սարգիս Գևորգյանը` 1 տարի 11 ամիս 20 օրվա: Այս պահին անազատության մեջ է միյան Տիգրան Առաքելյանը, իսկ մյուս երեք ակտիվիստների նկատմամբ կալանքը կկիրառվի վերջնական վճիռը ուժի մեջ մտնելուց հետո:

Ակտիվիստներին մեղադրում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ:

Մեղադրանքն առաջադրվել է 2011 թվականի օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Այդ օրը Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ Ազգային Կոնգրեսի 7 ակտիվիստներ` Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գևորգյանը, Արեգ Գևորգյանը, Արտակ Կարապետյանը, Սահակ Մուրադյանը, Դավիթ Քիրամիջյանը և Վահագն Գևորգյանը: Հետագայում երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր և ուղարկվել դատարան, իսկ մյուս երեքի գործը կարճվել էր: