Home / Հայաստան / Ի վնաս պետությանը. Հայաստանի հիվանդանոցները դեղերի համար 6 անգամ շատ են վճարել

Ի վնաս պետությանը. Հայաստանի հիվանդանոցները դեղերի համար 6 անգամ շատ են վճարել

Հայաստանյան մի շարք բուժհաստատությունների գործողությունների հետևանքով պետությանը հասցվել է 1,5 միլիարդ դրամի վնաս:

Այս մասին նշված է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հաղորդագրության մեջ, որն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, հրապարակել է իր ուսումնասիրության արդյունքները:

Հանձնաժողովի դիտակետում եղել են մարզերում և մայրաքաղաքում գտնվող 134 հիվանդանոցներ և դեղերի ներկրմամբ, արտադրությամբ ու վաճառքով զբաղվող ավելի քան 300 ընկերություններ: Վերոնշյալ 134 բուժհաստատություններից շուրջ 100-ը անհրաժեշտ դեղորայքը ձեռք են բերել առանց մրցույթների անցկացման: Այդ հիվանդանոցների ցուցակը շուտով հրապարակվելու է Հանձնաժողովի կայքում:

ՏՄՊՊՀ-ն նշում է, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները խախտվել են, և ընկերություններն իրենց հայեցողությամբ են որոշել, թե ումից պետք է դեղորայք գնեն: Մրցույթներ չհայտարարելու հետևանքով հիվանդանոցները դեղերը ձեռք են բերել շուկայականից մինչև անգամ եռակի թանկ գնով: Օրինակ, հակաբորբոքային «ցեֆտրիաքսոն» դեղամիջոցը որոշ հիվանդանոցներ գնել են 850 դրամով, այն դեպքում, երբ իրական արժեքը 190 դրամ է, պետությունը անհամեմատ թանկ է վճարել նաև «նատրիումի քլորիդի» համար՝ 150-ի փոխարեն 350 դրամ:

Մրցույթներ չեն հայտարարվել նաև սոցիալապես անապահով խավերի համար նախատեսված անվճար կամ արտոնյալ կարգով տրամադրվող դեղորայքի ձեռքբերման համար: Ավելին, ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները փաստում են, որ հիվանդանոցների տնօրենները հիվանդներին մշտապես ուղղորդել են միևնույն դեղատունը, որտեղից վերջինները ստացել են անվճար դեղորայքը, իսկ դրա համար իրական արժեքից մի քանի անգամ ավելի թանկ վճարել է պետությունը:

Օրինակ,սրտանոթային հիվանդությունների բուժման համար նախատեսված և սոցիալական կարևոր նշանակության «ամլոդիպին» դեղամիջոցի գինը 850 դրամ է, մինչդեռ հիվանդանոցն այն ձեռք է բերել 6 անգամ թանկ՝4800 դրամով, նույն կերպ էլ ուռճացված արժեքով են գնվել նաև մեծ պահանջարկ ունեցող այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են, ասենք, «պրեդուկտալը», «տաուֆոնը», «դիլատրենտը» և այլն:

Վերոնշյալ խախտումների հետ կապված ՏՄՊՊՀ-ը բացատրություն է պահանջել հիվանդանոցների տնօրեններից, որոնք պատճառաբանել են, որ տեղեկացված չեն եղել օրենքին:

Նման պատճառաբանությունները Հանձնաժողովն անհիմն է որակել: ՏՄՊՊՀ-ը հաշվարկել է, որ բուժհաստատությունների նման վարքագծի հետևանքով պետական բյուջեին պատճառվել է ավելի քան 1,5 միլիարդ դրամի վնաս:

Հանձնաժողովի որոշմամբ, պետական միջոցների յուրացման և չարաշահման վերաբերյալ փաստերը ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն: