09.14.2012 19:50 epress.amWikiLeaks-ը իրավացի՞ էր. ԱՄՆ-ը դատարանը միլիոնների վճիռ է կայացրել՝ ընդդեմ Վարդան Այվազյանի
Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարանի որոշումը ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանին պարտավորեցնում է 37 միլիոն 537 հազար 978 դոլար և 2 ցենտ վճարել «Global Gold Mining» ընկերությանը:
Ինչպես նշված է դատարանի վճռի մեջ, խնդրո առարկա է եղել Հանքավանի հանքավայրերից մեկը, որը պատճառ է հանդիսացել, որպեսզի ընկերության հասցեին «կոռումպացված և անհարկի պահանջներ ու սպառնալիքներ հնչեցվեն այն ժամանակ ՀՀ բնապահպանության և բնական պաշարների նախարար Վարդան Այվազյանի կողմից»: Պաշտոնական փաստաթղթի մեջ նշված է, որ ընկերությունը իրավիճակի մասին զեկուցել է հայաստանյան և ամերիկյան իշխանություններին՝ նշելով, որ Այվազյանի գործողությունների պատճառով կորցրել է Հանքավանի հանքը:
«Global Gold Mining» ընկերությունը դիմել է Միջազգային Առևտրի Պալատի կենտրոնասենյակ դեռևս 2006 թվականին: Տարիներ տևած գործընթացի արդյունքում այս տարի Նյու Յորքի դատարանը որոշել է, որ Այվազյանը ընկերությանը վնաս է պատճառել վերոնշյալ գումարի չափով, և անցյալ շաբաթ գործն ուղարկվել է Նյու Յորքի Հարավային շրջանի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, որն էլ արդեն տրամադրել է Կատարողական թերթը կատարման համար:
Հիշեցնենք, որ 2011 թվականի փետրվարին ռուսաստանյան «Русский Репортер» պարբերականը հայաստանյան իրականության մասին հրապարակումների շարք էր սկսել ԱՄՆ Պետդեպի այն փաստաթղթերի հիման վրա, որոնք ռուսաստանյան կողմից տրամադրել էր WikiLeaks կայքը, և այդ շարքի Հայաստանին վերաբերող հոդվածներից մեկում նույնպես արծարծվել էր Վարդան Այվազյանի անունը:
Ինչպես նշված էր WikiLeaks-ի գաղտնազերծած փաստաթղթերից մեկում, Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Էնտոնի Գոդֆրին նկարագրում է այն դժվարությունները, որոնց բախվել է ոսկու արդյունահանմամբ զբաղվող միջազգային Global Gold Corporation (GGC)-ը Հայաստանում:
ԱՄՆ Պետդեպին ուղարկված նամակում Գոդֆրին պատմում է այն ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի հետ բանակցությունների ընթացքի մասին:
Համաձայն գաղտնազերծված փաստաթղթի, Վարդան Այվազյանը տեղեկացրել է GGC-ի իրավաբան Աշոտ Պողոսյանին, որ անհրաժեշտ է 3 միլիոն դոլարի չափով կաշառք տալ իր գործընկերոջը՝ ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանին: GGC-ն հրաժարվել է վճարել գումարը, և շուտով նախարարությունը հետ է կանչել ընկերության Հայաստանում երկու հանքերի շահագործման արտոնագրերը:
- 20.05.2013 21:11
- 18.05.2013 21:11
- 18.05.2013 19:58
- 18.05.2013 18:08










