Home / Հայաստան / ՀԱԿ անդամը կոչ է անում արդար քննել ՀՀԿ-ական պատգամավորի որդու մասնակցությամբ աղմկահարույց միջադեպը

ՀԱԿ անդամը կոչ է անում արդար քննել ՀՀԿ-ական պատգամավորի որդու մասնակցությամբ աղմկահարույց միջադեպը

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր լրագրողներ հետ ճեպազրույցում անդրադարձել է Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում տեղի ունեցած միջադեպին և կոչ արել իշխանություններին արդար քննել դեպքը:

Արամ Մանուկյանը հիշեցրել է, որ սեպտեմբերի 9-ին ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) որդի Մակար Պետրոսյանը մի քանի ընկերների հետ դաժան ծեծի է ենթարկել Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիրչ Արամ Մելիքյանին, այնուհետև նաև սեպտեմբերի 9-ին անցկացված ավագանու ընտրությունների հանձնաժողովի անդամ աշխատող Արման Սարգսյանին: Նշենք, որ սեպտեմբերի 23-ին նույն գյուղում կայանալու են համայնքի ղեկավարի ընտրություններ, որտեղ ծեծված Արամ Մելիքյանի հորեզբայրը՝ Գոռ Մելիքյանը, պայքարելու է Պետրոսյանների կողմից սատարվող Արբակ Եղիազարյանի դեմ:

Այս փաստի մասին պարզաբանումներ ստանալու համար Արամ Մանուկյանը երեկ ԱԺ-ում դիմել է իշխանության ներկայացուցիչներին, սակայն  ստացել է միայն խնդրին գրավոր պատասխան տալու խոստում:

ՀԱԿ անդամը նշել է, որ սա ռիսկային է, քանի որ ըստ օրենքի՝ գրավոր պատասխան կարող է տրվել 15 օրվա ընթացքում, մինչդեռ Բաբմակաշատի համայնքապետի ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին, իսկ Մանուկյանի տեղեկություններով, գյուղում իրավիճակը լարված է, իսկ Մակարը՝ փախած:

«Ես տիրապետում է այդ դաժան ծեծուջարդի մասին մանրամասների, սակայն առայժմ չեմ ուզում հրապարակել, միայն կոչ եմ անում, որ դատախազությունը նորմալ քննի այս գործը: Կոչ են անում իշխանություններին արձագանք տալ, քանի որ խոսքը գնում է ՀՀԿ-ական պատգամավորի որդու կողմից կատարված հանցագործության մասին: Եթե ոչ, ՀԱԿ-ը հանդես կգա զեկույցներով»,- ասել է Մանուկյանը:

Նշենք, որ ոստիկանությունը միջադեպի կապակցությամբ երկու անձի է ձերբակալել, իսկ Մակար Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել և նա առայժմ ազատության մեջ է: