Home / Հայաստան / «Գումարները նվիրեք նախագահին». բողոքող օդաչուների շարքերը նոսրանում են

«Գումարները նվիրեք նախագահին». բողոքող օդաչուների շարքերը նոսրանում են

Շուրջ 10 ամիս ամեն ուրբաթ ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիաներ անցկացնող հաշմանդամ օդաչուներն այսօր կրկին հավաքվել էին նախագահականի մոտ մեկ պահանջով՝ վերականգնել իրենց սահմանադրական իրավունքները, հակառակ դեպքում իրենք հայց են ներկայացնելու Եվրադատարան:

2011 թվականին Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը խնդրի առնչությամբ նշել էր, որ մինչև 2004 թվականը, եթե լուծարվող կազմակերպություններն իրավահաջորդը չէին ունենում, գումարները փոխհատուցում էր պետությունը: 2004 թվականից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունից հետո պետությունը քաղաքացիների նկատմամբ որևէ պարտավորություն չունի:

Պաշտոնյան նշել էր, որ օդաչուները հանդիսանում էին «Հայկական ավիաուղիներ» ընկերության աշխատակիցները, որը սնանկ է ճանաչվել, իսկ քանի դեռ սնանկության գործը չի ավարտվել, գումարները չեն  կարող փոխհատուցվել:

«2004 թվականից մեզ չեն թողել, որ աշխատենք ու նշանակել են փոխհատուցում: Երբ որ պարզեցին, որ մեր փոխհատուցման գումարները շատ բարձր են, սկսեցին օրենքները փոխել: Սահմանադրության 42 հոդվածի 4-րդ կետն ասում ՝«Այն բոլոր օրենքները, որոնք փոփոխություն են կրում և վատթարացնում են ֆիզիկական անձի սոցիալական իրավիճակը՝ հետադարձ ուժ չունեն: Հիմա մենք ասում ենք՝ «Վերականգնենք մեր իրավունքները, օրենքները դուք եք խախտել», – Epress.am-ին պատմել է բողոքողներից մեկը:

Օդաչուները նշել են, որ օրենքների երաշխավորը ՀՀ նախագահն է, ու ինքն էլ պետք է պատասխան տա:

«Դրա համար մենք եկել ենք այստեղ. 4 տարի, ամեն հինգշաբթի հավաքվում էինք կառավարության շենքի մոտ ու որևէ արդյունքի չենք հասել: Վարչապետը ներսում է նիստ արել, մենք՝ դրսում, թե անձրևին, թե քամուն: Մենք հասկացանք, որ ինքը օդաչուներին չի հարգում, գոնե իրեն թող հարգի: Ամեն անգամ ինքնաթիռ նստել-իջնելուց ծափահարում է, կարող էր գոնե մեկ անգամ ընդունել, լսել մեզ: Նայում ես տեսքին, կրթությանը, ասում ես՝ «էրնեկ քո տիրոջը», բայց երբ հասարակ ժողովրդի նկատմամբ հարգանք չունի, արդեն ստացվում է՝ «ոչ էրնեկ իրա տիրոջը»: Բոլոր նրանց, ում մինչ օրս մենք դիմել ենք, ցույց են տվել Բաղրամյան 26-ը՝ մատնանշելով Սերժ Սարգսյանին: Մեր հարցի լուծումը միայն նա կարող է տալ: Բավական է համեստություն անել ու լռել: Եկել ենք նախագահական նստավայր՝ մեր բողոքի ձայնը հասցնելու երկրի առաջին դեմքին, և պահանջում ենք օրենքով մեզ հասանելի   հաշմանդամության նպաստները», -ասել են օդաչուները:

Հաշմանդամ օդաչուների խոսքերով՝ իրենց շարքերը գնալով նոսրանում են, մարդիկ մահանում են, ինչն էլ, իրենց խոսքով, շահավետ է հայաստանյան իշխանությունների համար:

«Մի քանի օրից, երբ կրկին կգանք այստեղ, կարող եք գալ ու համոզվել, որ այս մի քանի օրում մեր շարքերում կորուստներ ենք ունեցել: 118 հոգուց մնացել են 69-ը ու եթե գա մի օր, որ  մեր շարքերում այլևս ոչ ոք չմնա պայքարելու համար, թող այդ գումարները նվիրեն այդ ժամանակվա վարչապետին կամ նախագահին», – ասել են նրանք:

Ի դեպ՝ օդաչուների նաև նշել են, որ իրենց ընդհանուրի փոխհատուցման գումարը ամսական կազմում է 10 միլիոն դրամ: