Home / Հայաստան / Մայրերը ԱԺ-ից պահանջում են հանձնաժողով ստեղծել. պատգամավորները խոստացել են «ամեն ինչ անել»

Մայրերը ԱԺ-ից պահանջում են հանձնաժողով ստեղծել. պատգամավորները խոստացել են «ամեն ինչ անել»

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն այսօր դիմում են ներկայացրել ԱԺ՝ իրենց որդիների սպանության գործերի արդար քննությունը ապահովելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու խնդրանքով:

Կանայք այսօր ԱԺ-ի դիմաց ակցիա են անցկացրել և իրենց դիմումն ուղարկել ԱԺ նախագահին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին և ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժովին:

Ազգային Ժողովի շենքի դիմաց որդեկորույս մայրերին հանդիպել են 6 պատգամավորեր՝ ՀՀԿ-ականներ Մարգարիտ Եսայանը և Առաքել Մովսիսյանը (կեղծանունը՝ Շմայս), ՀԱԿ խմբակցության անդամներ Նիկոլ Փաշինյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը և «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորները խոստացել են քննարկել դիմումը, Լևոն Զուրաբյանը մայրերին ուրբաթ օրը հրավիրել է ՀԱԿ-ի գրասենյակ՝ բերելու իրենց գործերով հակասությունները, քննության ընթացքից դժգոհությունները: Առաքել Մովսիսյանը կանանց վստահեցրել է, որ ինքը և ՀՀԿ խմբակցության անդամները մայրերից շատ են ցավում որդիների խաղաղ պայմաններում սպանվելու առթիվ, և քանի որ խմբակցություններում շատ գեներալներ, կռված մարդիկ կան, ամեն ինչ անելու են, որպեսզի գործերը քննվեն և մեղավորները պատժվեն:

Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, Epress.am-ի հետ զրույցում հիշեցրել է, որ ԱԺ-ում իրենց գործերով զբաղվող խումբ ստեղծվել էր 2011թ.՝ օմբուդսմենի միջնորդությամբ, սակայն դրա գործունեությունը ձևական բնույթ է կրել:

Խմբում աշխատել են չորրորդ գումարման ԱԺ կազմի պատգամավորներ Արամ Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը, Սամվել Նիկոյանը, Հրայր Կարապետյանը:

Նախորդ տարվա սեպտեմբերին 8-ին զոհված զինվորների մայրերը նրանց ներկայացրել են իրենց հարցումներ, սակայն պատասխան չեն ստացել:

Սարգսյանի խոսքով՝ միայն 2012 թվականի մայիսին՝ ԱԺ ընտրություններից մեկ շաբաթ հետո, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ասել է, որ իրենք պատկան մարմիններից ստացել են պատասխանները, սակայն չեն կարող դրանք տրամադրել մայրերին:

Հարցին, թե արդյոք մայրերը մտավախություն չունեն, թե եթե նույնիսկ հանձնաժողով ստեղծվի, այն նույնքան անարդյունք կլինի, Գոհար Սարգսյանը պատասխանել է, որ իրենք են ընտրելու այդ հանձնաժողովի անդամներին և կընտրեն «չծախվող մարդկանց»: