Home / Հայաստան / ԱՄՆ-ն պարզաբանումների է սպասում Ադրբեջանից ու Հունգարիայից. Օբաման հիասթափված է

ԱՄՆ-ն պարզաբանումների է սպասում Ադրբեջանից ու Հունգարիայից. Օբաման հիասթափված է

Ամերիկայի Միացյալ Նահանգները խիստ անհանգստացած է այն նորությամբ, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին, ով Հունգարիայից արտահանձնվել է Բաքվին: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակի պաշտոնակատար Պատրիկ Վերնելի հայտարարության մեջ:

«Մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանին` այս քայլի կապակցությամբ և սպասում ենք պարզաբանման: Մենք նաև լրացուցիչ մանրամասներ ենք սպասում Հունգարիայից` պ-ն Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշման հետ կապված: Մենք դատապարտում ենք ցանկացած գործողություն, որ սրում է տարածաշրջանային լարվածությունը», – հայտարարել է Վերնելը:

ԱՄՆ նախագահ  Բարաք Օբաման ևս խորը մտահոգություն է հայտնել Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ, հայտնում է Սպիտակ Տան մամուլի ծառայությունը:

«Մենք ադրբեջանական իշխանություններին հայտնել ենք մեր հիասթափությունը Սաֆարովին ազատ արձակելու որոշման կապակցությամբ: Այս գործողությունները հակասում են տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և հարաբերությունների վերականգնումը խթանելու մեր ջանքերին: Միացյալ Նահանգները միաժամանակ բացատրություն են պահանջում Հունգարիայից Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու որոշման վերաբերյալ», – ասված է հաղորդագրության մեջ: