08.20.2012 11:31 epress.amՀարավային Ամերիկան ծափողջույններով է ընդունել Ասանժի հարցում Էկվադորին սատարելու որոշումը
Հարավամերիկյան ազգերի միության երկրների ԱԳՆ ղեկավարները երեկ սատարել են Էկվադորի որոշումը՝ քաղաքական ապաստան տրամադրել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Միությունը նաև դատապարտել է Մեծ Բրիտանիայի՝ Էկվադորի դեսպանատան վրա հարձակվելու մտադրությունը, եթե վերջինիս աշխատակիցները հրաժարվեն ինքնակամ հանձնել Ասանժին:
Էկվադորին սատարելու և Մեծ Բրիտանիային դատապարտելու մասին որոշումներն ընդունվել են միաձայն, իսկ որոշման ընթերցման ժամանակ դահլիճում բուռն ծափողջույններ են հնչել, հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները:
Էկվադորի ԱԳ նախարար Ռիկարդո Պատինյոն հայտարարել է, որ գաղութների ժամանակաշրջանն արդեն անցյալում է:
«Բոլոր երկրները՝ անկախ քաղաքական կարողություններից և ատոմային ռումբի առկայությունից, պետք է հետևեն միջազգային չափանիշներին», – ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Լոնդոնի դատարանը որոշում էր կայացրել Ասանժին արտաքսել Շվեդիա, որտեղ նա մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ: Ասանժը պնդում է, որ իր դեմ հարուցված գործը շինծու է: Նա մտավախություն ունի, որ Շվեդիայից իրեն կարտաքսեն ԱՄՆ, որտեղ Ասանժին կարող են մեղադրանք առաջադրել լրտեսության համար:
Այս պահին Ասանժը շարունակում է թաքնվել Էկվադորի դեսպանատանը:
- 18.05.2013 21:11
- 18.05.2013 19:58
- 18.05.2013 18:08
- 17.05.2013 22:00









